Համաճարակից հետո աշխարհը չի կարող վերադառնալ հին աշխարհակարգին. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գլխավոր ասամբլեայի պատվիրակներին ներկայացրել է կազմակերպության գործունեության վերաբերյալ իր տարեկան զեկույցը, որում նա կոչ է արել համաճարակի վերականգնման ընթացքում ստեղծել գլոբալ կառավարման նոր մոդել, աշխարհում ավելի մեծ հավասարության հասնել, վերականգնել ֆինանսական և առևտրային համակարգերի անհավասարակշռությունները, ինչպես նաև բարեկամանալ բնության հետ:
«Համաճարակը ցույց տվեց, թե որքան փխրուն է մեր աշխարհը: Այն բացահայտեց տասնամյակներ շարունակ անտեսված խնդիրները. առողջապահական համակարգերի թուլությունը, սոցիալական պաշտպանության բացերը, կառուցվածքային անհավասարությունը, շրջակա միջավայրի վատթարացումը և կլիմայական ճգնաժամը»,- knews.kg-ի հաղորդմամբ՝ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նշելով, որ համաճարակից հետո աշխարհը չի կարող վերադառնալ հին աշխարհակարգին, որը ձեռնտու է միայն քչերին, Անտոնիո Գուտերեշը կոչ է արել պետությունների ներսում ստեղծել նոր սոցիալական պայմանագիր և պետությունների միջև կնքել նոր գլոբալ համաձայնագիր: