«Կներեք, էս ի՞նչ պահվածք ա, պատերազմի ժամանակ դեսպանին Facebook-ով հորդորելը ո՞րս ա»
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտնել էր, որ Հայաստանն Արցախի բնակիչներին տարհանելու ծրագիր է մշակում։
«Նման հարցեր մշակվում են: Հուսով ենք, դրան չի հասնի, բայց տարհանման պլան կամ ինչ-որ հումանիտար միջանցքներ մշակվում են, իհարկե, ելնելով նրանից, որ այս օրերին կանայք ու երեխաները թաքնվել են նկուղներում և ապաստարաններում»,- նշել էր նա:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանին վրդովվեցրել են դեսպան Տողանյանի հարցազրույցում արտահայտված մտքերը:
«Անհիմն հայտարարությունների փոխարեն՝ լավ կլիներ օգտակար գործերով զբաղվել, հատկապես, երբ այս օրերին դրանց ծավալը շատ- շատ է։ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանին հորդորում եմ՝ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել։ Մոսկվայից Արցախ շատ բան տեսանելի չէ, բայց գոնե ընկալման հարցում պետք չէ կորցնել սթափությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պողոսյանը:
Քաղաքագետ Արմեն Մինասյանն էլ իր հերթին՝ քննադատել է Արցախի նախագահի մամուլի խոսնակին:
«Կներեք, էս ի՞նչ պահվածք ա, պատերազմի ժամանակ դեսպանին Facebook-ով հորդորելը ո՞րս ա:
Դիվանագիտական խողովակներ չկա՞ն, հեռախոս չկա՞:
Էնքան ասելու բան կա՝ միջազգային մամուլի հետ աշխատանքի, մեղմ ասած, բացակայությունից՝ մինչև դիվանագիտական բլոկ, բայց ինչի՞ց ա, որ շարքային քաղաքացին հասկանում ա, որ հիմա ժամանակը չի, իսկ պետական պաշտոնյան՝ ոչ:
Թափ տվեք ձեզ»,- գրել է նա:
Ի դեպ, Վահրամ Պողոսյանի գրառման տակ էլի կային օգտատերեր, որ նույն դիտողությունն էին արել:
Ստացվում է, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակը շրջանցում է ՀՀ արտաքին գերատեսչությանը և հրապարակավ դասեր տալիս ՀՀ դեսպանին: Եթե Տողանյանը սխալ գործելաոճ է դրսևորել, սա գոնե կարելի էր քննարկել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հետ, որն էլ Տողանյանին ընդունված կարգով կփոխանցեր Արցախի դժգոհությունը, միաժամանակ ինչ-ինչ նրբություններ, թերևս, կարելի էր նաև դեսպանին բացատրել:
168.am-ն այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ԱԳՆ-ից, սակայն մամուլի խոսնակի հետ կապ հաստատել չհաջողվեց: Պարզաբանումը ստանալուն պես կներկայացնենք: