Ջորկաեֆը Մակրոնին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիս Ջորկաեֆը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` կոչ անելով դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած զանգվածային ռազմական գործողությունները:
«Պարոն նախագահ` Էմանուել Մակրոն, կոչ եմ անում ձեզ դատապարտել Ադրբեջանի կողմից և Թուրքիայի օգնությամբ հայ ժողովրդի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմը: Դիմակազերծեք Էրդողանի կողմից ուղարկված այս իսլամիստ ահաբեկիչներին:Մենք խաղաղասեր ազգ ենք»,- գրել է Դենիս Ջորկաեֆը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: