Բաժիններ՝

Սոթքի ոսկու հանքավայրում աշխատանքները դադարեցվել են՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար

Մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան հարվածել է նաև Հայաստանում ռուսական կապիտալով գործող ընկերությանը. ադրբեջանական բանակի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով դադարեցվել են բոլոր կարգի աշխատանքները  ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ»  ընկերության  կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրում:

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման բան չկա, և իրենք աշխատանքները դադարեցրել են կիրակի առավոտվանից, երբ սկսվել են ռազմական գործողությունները:

«Ընկերությունը որոշում է  կայացրել դադարեցնել հանքի գործունեությունը, որպեսզի երաշխավորի աշխատակիցների  անվտանգությունը, և քանի դեռ այս իրավիճակը շարունակվում է, այն չի աշխատի»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս