Բաժիններ՝

Լարված իրավիճակ հայ-վրացական սահմանին. ջավախքցի կամավորականները պահանջում են բացել սահմանը՝ Արցախ գալու համար. Tert.am

Հայ-վրացական սահմանի Նինոծմինդայի անցակետում իրավիճակը լարված է: Մի խումբ կամավորականներ ցանկանում են հատել հայ-վրացական սահմանը և գնալ Արցախ: Tert.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին, որ այսօր կամավորականների հավաքագրում է եղել, մի քանի հարյուր քաղաքացի կամավորագրվել է, նաև ցանկանում են պարեն հասցնել Արցախ:

«Սակայն, սահմանային անցակետում սահմանապահները չեն թողնում, այստեղ երկու խնդիր կա, բացի այն, որ մեզ թույլ չեն տալիս հատել սահմանը, մի հատ էլ Հայաստանը ցամաքային սահմանը փակել է, մնացել ենք այստեղ, չենք կարող հասնել հայրենիք, օգնել»,-ասաց նրանցից մեկը:

Վրաստանի ոստիկան սահմանապահները հորդորում են հանգստություն պահպանել, նշում են, որ իրենք ցանկանում են ամեն ինչ անել օրենքի սահմաններում:

Սահմանապահներն իրենց հետ զրույցում նշում են, որ այդ հարցը պետք է լուծվի երկու երկրների կառավարությունների միջև:

«Զանգեք ղեկավարություններին, թույլտվություն ստացեք և մեկնեք»,-հորդորում էր սահմանապահը:

Նրանք նշում էին, որ իրենք չեն ցանկանում արգելել, սակայն օրենքով սահմանափակում կա, պետք է վերացնել սահմանափակումը:

Ջավախքցիներից մեկը, ով հանդիսանում էր Վրաստանի քաղաքացի, խնդրում էր թույլ տալ հատել սահմանը, ցանկանում է թույլ տան իրեն հատել սահմանը.«Իմ կյանքի գնով պետք է գնամ»:

Սահմանապահները հորդորում են հանգստություն պահպանել, ասում են՝ մենք ոչինչ վատ չենք անում, բայց հարցը պետք է լուծվի օրենքի սահմաններում, իրենք իրավուն չունեն Վրաստանի քաղաքացուն դուրս թողնել:

«Մենք ձեր յուրաքանչյուրի համար ցավում ենք»,-ասաց սահմանապահը և հորդորեց հանգստանալ ու սպասել հարցի լուծման:

«Եղբայր, խնդրում եմ լուծեք այս հարցը, ես պիտի գնամ Հայաստան»,-ասաց կամավորականը:

Կամավորականները խնդրում են, որ Վրաստանը թույլ տա հատեն սահմանը, եթե ՀՀ-ն ներս չի թողնի, ապա կվերադառնան Վրաստան:

Այս պահի դրությամբ դեռ հարցը լուծված չէ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս