
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ վերջինիս նախաձեռնությամբ:
Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: