«Ադրբեջանին պետք է պարտադրենք մեր պայմաններով գնալ հրադադարի. այլ տարբերակ չունենք». Տարոն Հովհաննիսյան
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողությունների հետևանքով հայկական կողմի կորցրած դիրքերի մեծ մասը վերադարձվել է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
«Երեկ գիշերվա և ցերեկվա ընթացքում Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն իրականացրել են հակագրոհներ, որոնց ընթացքում վերադարձրել են կորցրած դիրքերի մոտ 80-90 տոկոսը, մյուս դիրքերի ուղղությամբ գործողությունները շարունակվում են։ Ամեն դեպքում, պետք է նկատի ունենանք, որ դիրքային այսպիսի փոփոխությունները շատ կարող են լինել, որովհետև մարտական գործողությունները կարող են բավականին երկար շարունակվել, 1-2 օրում չավարտվել։ Այս անգամ մենք իրավունք չունենք ադրբեջանական կողմին թողնելու որևէ հաջողություն գրանցել։ Մենք պետք է Ադրբեջանին պարտադրենք, որ մեր պայմաններով գնա հրադադարի, այլ տարբերակ չունենք, այդ այլ տարբերակն այն է, որ մենք Ադրբեջանին ցույց կտանք, որ կարող է հարձակվել մեզ վրա, մեկ կամ մի քանի դիրք վերցնել ու դադարեցնել գործողությունները, իսկ դա մեզ արնաքամ է անելու»,- ասաց Հովհաննիսյանը։
Ըստ փորձագետի՝ երեկ Ադրբեջանի սկսած հարձակողական գործողությունների պատճառներից մեկն այն է, որ վերջինը չմարսեց հուլիսին տավուշյան դեպքերի ժամանակ կրած կորուստները, որին ավելացավ նաև Թուրքիայի կողմից տարվող աջակցող քաղաքականությունը։
«Թուրքիան սրում էր իրավիճակը և լարում Ադրբեջանին։ Թուրքիան ձգտում է Հարավային Կովկասում իր ազդեցությունը տարածել, Ադրբեջանին օգտագործում է՝ որպես գործիք այդ նպատակի համար, իսկ միջոցն արցախյան հիմնահարցն է, իհարկե, նաև առկա է թուրքական կողմի՝ Մինսկի խմբում միջնորդական առաքելություն ունենալու ձգտումը»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ հենց այս նպատակներին հասնելու ձգտումով էր պայմանավորված այն, որ Թուրքիան Ադրբեջան տեղափոխած իր ռազմական ուժն ու մարդուժն Ադրբեջանից ետ չտարավ Թուրքիա, որպեսզի նաև դրանք օգտագործվեն՝ ընդդեմ Արցախի մեկնարկվող ռազմական գործողություններում»,- ասաց փորձագետը։
Ըստ նրա՝ այս պահին Արցախի դեմ գործողություններին Թուրքիայի ուղղակի ներգրավում չունենք, պատճառը նաև այն է, որ նման ներգավվածության դեպքում այս պահին չեզոքություն պահպանող Ռուսաստանը մտնելու է խաղի մեջ։
«Բայց ռազմական գործողությունների մեկնարկից մինչ այս պահը Ռուսաստանը դրսևորել է չեզոք վարքագիծ, թեև Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում