«Ռենդերֆորեսթն» ու «Կրիսպը» ֆինանսական խոշոր աջակցություն են ցուցաբերել Արցախին
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերություններն աջակցում են Արցախին և տրամադրել են ֆինանսական աջակցություն։
«Ռենդերֆորեսթի» հիմնադիր Նարեկ Սաֆարյանը նշում է, որ այսօր ընկերությունն իր զարգացման և պահուստային ֆոնդերից որպես աջակցություն 10 միլիոն դրամ է փոխանցել Արցախի ֆինանսների նախարարությանը։
«Հայաստանի ՏՏ համայնքը պիտի այս պահին ամուր կանգնի, ծանրաբեռնված աշխատի ու շարունակի ապահովել գումարի հոսք դեպի Հայաստան, չէ՞ որ մենք այն ոլորտներից ենք, որոնց գումարը գեներացվում է Երկրի սահմաններից դուրս։ Մեզ այսօր, ինչպես երբևէ, անհրաժեշտ է շարունակել գումար ներարկել մեր երկիր։
Կոչ եմ անում բոլոր խոշոր ՏՏ ընկերություններին՝ միանալ նախաձեռնությանը ու աջակցել Արցախին։ Շարունակեք աշխատել ծանրաբեռնված ռեժիմով և ապահովեք գումարի հոսք Հայաստան»,- նշել է Նարեկ Սաֆարյանը։
«Կրիսպ» ընկերության հիմնադիր Արտավազդ Մինասյանն էլ նշում է, որ որպես աջակցություն՝ ընկերությունը 25 միլիոն ՀՀ դրամ է փոխանցում Արցախի ֆինանսների նախարարությանը։
«Բոլորս, ով ռազմի դաշտում չենք, պետք է շարունակենք արժեք և եկամուտ ստեղծել երկրի և բանակի համար. գումարի, մասնագետների և գիտելիքների տեսքով։
Կոչ ենք անում ՏՏ համայնքի մեր բոլոր ընկերներին՝ միանալ այս նախաձեռնությանը»,- նշել է Արտավազդ Մինասյանը։
Սիրարփի Աղաբաբյան