Համոզված եմ՝ այս ընթացքում նույնպես կարողանալու ենք հակառակորդին պարտադրելու, որպեսզի նա նորից աղերսի իր հերթական հրադարդարը. ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ
Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27–ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, հերթական ագրեսիան է ձեռնարկել Արցախի հանրապետության նկատմամբ: Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը ասուլիսում մի քանի մանրամասներ հայտնեց.
«Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերը Արցախի Հանրապետության Զինված ուժերի մարտակարգերին, զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչպես նաև խաղաղ բնակավայրերին՝ այդ թվում նաև քաղաքամայր Ստեփանակերտին հասցրել է հրթիռահրետանային հարվածներ՝ օգտագործելով օդուժը, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ներ:
Այնուհետև հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումների ուղեկցությամբ անցել են լայնածավալ հարձակման հարավային, հյուսիսային և հարավարևելյան ուղղությամբ: Այս պահին դեռ ընթանում են թեժ մարտեր ամբողջ նշված ճակատներով, հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ. Ճշտված տվյալներով՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցները, կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ՝այդ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ»:
Անդրադառնալով հայկական կողմի կորուստներին՝ Արթուր Սարգսյանը հայտնեց, որ ունենք զոհեր ու վիրավորներ, սակայն հավելեց՝ յուրաքանչյուր սպա և զինվոր բարձր պատասխանատվությամբ է կատարում իր առջև դրված խնդիրը. «Նախնական տվյալներով, ցավոք սրտի, Արցախի Հանրապետության ԶՈՒ-ում նույնպես կան կորուստներ՝ 16 զոհ և 100–ից ավել վիրավորներ:
ՊԲ անձնակազմը, յուրաքանչյուր սպա և զինվոր, իր առջև դրված մարտական խնդիրը կատարում է պարտքի բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, Քառօրյա պատերազմի ընթացքում և այսօր նույնպես՝ կառավարությունը, ազատամարտիկիների միությունը, ուժային կառույցները անվերապահորեն կանգանծ են Զինված ուժերի կողքին, և միասնական կատարում ենք մեր խնդիրը, պատրաստ ենք կյանքի գնով կատարելու առաջադրված խնդիրները:
Այն ժամանակ մենք միասին հրաշքներ գործեցինք և պարտադրեցինք հակառակորդին՝ աղերսելու խաղաղություն, ավելի քան համոզված եմ, որ այս պայմաններում, այս ընթացքում մենք նույնպես կարողանալու ենք հակառակարոդին պարտադրելու, որպեսզի նա նորից աղերսի իր հերթական հրադարդարն ու խաղաղությունը»:
Զարուհի Դիլանյան