«Մենք աշխատել ենք առանց որևէ ակնկալիքի՝ հանուն մեր երկրի, հանուն մեր ազգաբնակչության». Արմեն Չարչյան
Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել էին առողջապահական համակարգի մի շարք աշխատակիցներ:
Դրան հաջորդել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժշկական անձնակազմի բաց նամակը՝ ուղղված նախագահին և վարչապետին, որում նշում էին, որ կենտրոնը կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկն է, սակայն իրենց աշխատակիցներից ոչ ոք չի պարգևատրվել:
Օրեր անց ՀՀ վարչապետի որոշմամբ շնորհակալագրերով և վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին տասնյակ բուժաշխատողներ՝ այդ թվում՝ «Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցները:
Քանի որ վարչապետի և նախագահի կողմից պարգևատրված բուժաշխատողների ցուցակում չկար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի որևէ աշխատակցի անուն, լուրեր տարածվեցին, թե բ/կ -ում դրանից նեղսրտել են:
168.am-ի հետ զրույցում, սակայն, «Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հերքեց տարածվող այդ լուրերը՝ նկատելով՝ իրենք աշխատել են առանց որեւէ ակնկալիքի. «Իրավական, մասնագիտական եւ բարոյական տեսանկյունից մենք չենք կարող քննել ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի եւ Առողջապահության նախարարի որոշումները: Մենք աշխատել ենք առանց որևէ ակնկալիքի՝ հանուն մեր երկրի, հանուն մեր ազգաբնակչության»: