Ռաֆիկ Մաշադյանի որդին՝ Հարություն Մաշադյանը, նոր պաշտոն ունի

Մինչ հասարակության մեջ շարունակվում է հներ-նորեր, սևեր-սպիտակներ պայքարը, մինչ թիրախավորվում են նախկիններն ու նրանց զավակները՝ «կոռումպացվածի» պիտակավորումներով, նախկիններից սահուն անցում են կատարում նորերի շարքեր ու լուռ, առանց ավելորդ աղմուկի՝ դիրքավորվում արդեն նոր իշխանությունների թևի տակ: Տվյալ դեպքում խոսքը, մասնավորապես, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի մասին է, ով, ըստ ԶԼՄ տարբեր հրապարակումների՝ ՊԵԿ ամենակոռումպացված գործիչներից մեկն է եղել և կա:

Օրերս տեղեկացանք, որ Ռաֆիկ Մաշադյանի որդին՝ Հարություն Մաշադյանը, կրկին նոր պաշտոնի է նշանակվել. նա Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնից փոխադրվել և նշանակվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնում:

Հիշեցնենք՝ Հարություն Մաշադյանը 2019թ. փետրվարի 4-ին էր նշանակվել Երևանի կայազորի զինվորական դատախազ, իսկ մինչ այդ զբաղեցրել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը:

168.am-ը գրավոր հարցմամբ դատախազությունից հետաքրքրվեց, թե Հարություն Ռաֆիկի Մաշադյանը ե՞րբ է զբաղեցրել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնը, մրցույթը ե՞րբ է կայացել, քանի՞ մասնակից է եղել, ի՞նչ սկզբունքով է ընտրվել:

Ի պատասխան՝ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մասնավորապես տեղեկացրեց.

«Հարություն Ռաֆիկի Մաշադյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ 2020 թվականի սեպտեմբերի 10-ի 314-Ա հրամանով Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնից փոխադրվել և նշանակվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի հավասարազոր պաշտոնում:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն, ՀՀ գլխավոր դատախազը ընդունում է անհատական իրավական ակտեր, իսկ 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված աստիճանակարգությանը համապատասխան նույն աստիճանի մեկ այլ հավասարազոր պաշտոնում նշանակում կատարելու դեպքում դատախազը չի ընդգրկվում դատախազների թեկնածությունների կամ ծառայողական առաջխաղացման ցուցակներում:

Այսինքն, տվյալ դեպքում չի գործում անձի՝ դատախազների թեկնածությունների ցուցակում մրցութային կարգով ընդգրկվելու և նշանակվելու կարգը, որը սահմանված է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով»:

Հիշեցնենք՝ 2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձություններից անմիջապես հետո ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Ռաֆիկ Մաշադյանը դարձավ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ: Նշանակումից մեկ տարի անց Ռաֆիկ Մաշադյանը կրկին հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ այս անգամ՝ որդու զբաղեցրած պաշտոնի համար:

23-ամյա Հարություն Մաշադյանը, որը մինչ այդ Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազն էր, նշանակվել էր Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ:

Սրանով չավարտվեց Ռաֆիկ Մաշադյանի և նրա 23-ամյա դատախազ որդու շուրջ աղմուկը:

Օրեր անց պարզվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և Ռաֆիկ Մաշադյանը բարեկամներ են, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը մորաքրոջ աղջիկներ են: Նույն օրը Աննա Հակոբյանը պարզաբանեց, որ Ռաֆիկ Մաշադյանն իր խորթ մորաքրոջ թոռն է, և նրան վերջին անգամ տեսել է 2010 թվականին՝ հարազատի հուղարկավորության ժամանակ:

Մաշադյան կրտսերին մամուլը հիշեց նաև ամիսներ առաջ, երբ 2020 թվականի մայիսի 22-ին հրապարակվեց նրա հայտարարագիրը: Ըստ այդմ՝ պաշտոնյան ունի միանձնյա սեփականություն հանդիսացող 5 հողամաս Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում, 2 բնակարան Երևան քաղաքի բազմաբնակարան շենքում, 2 ավտոկայանատեղի, VOLKSWAGEN մակնիշի մեքենա, 118,400 ԱՄՆ դոլար, 10,500,000 դրամ։

Իսկապես տպավորիչ է այդ տարիքում նման եկամուտների, գույքի առկայությունը և ուշագրավ այնքանով, որ թե՛ Հարություն Մաշադյանը, թե՛ նրա հայրը՝ Ռաֆիկ Մաշադյանը, մշտապես եղել են պետական պաշտոնյաներ:

Տեսանյութեր

Լրահոս