Դավիթ Անանյանը համոզված է՝ Ռաֆիկ Մաշադյանը խաղամոլ չէ
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահում է իր առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին և միայն այն պատճառով, որ նրան ճանաչում է 1988 թվականից, ուստի հարկ չի համարել նրա հետ զրույց ունենալ կամ պարզաբանում ստանալ բուքմեյքերական ընկերություններում մեծ խաղադրույքներ անելու շուրջ, ինչի մասին վերջերս գրել էր «Ժամանակ» թերթը՝ ընդգծելով, որ ՊԵԿ-ում, համենայն դեպս, շատերը գիտեն Մաշադյանի խաղամոլ լինելու մասին:
Բուքմեյքերական գրասենյակների տնօրենները մրցակցության մեջ են և միջնորդներ են փնտրում, որպեսզի առանձնապես խոշոր խաղադրույքներ կատարողներին ուղղորդեն հենց իրենց գրասենյակներ, և վերջին շրջանում աշխատում են ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բարձրաստիճան մի պաշտոնյայի ուղղությամբ, որն աննախադեպ՝ 10-15 միլիոն դրամի խաղադրույքներ կատարելու մեծ սեր ունի»,- գրել էր «Ժամանակ» օրաթերթը:
Այդ հրապարակումից հետո 168.am-ը ՊԵԿ-ի իր շրջանակներում պարզել էր, որ խոսքը հենց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի մասին է։
Մաշադյանը, իհարկե, 168.am-ի հետ զրույցում չէր հաստատել լուրը՝ ասելով. «Ով որ իմ անունը մատնանշել է՝ գլուխը պատովն է տվել, կրկնում եմ՝ իմ մասին այդ տեղեկությունները հերքում եմ» ։
«Ես նրան ճանաչում եմ 1988 թվականի սեպտեմբերի 1-ից. մենք 30 տարվա ընկերներ ենք, և պատկերացրեք, իր՝ խաղադրույք կատարելու կամ չկատարելու վերաբերյալ մենք չենք էլ զրուցել, որովհետև ես գիտեմ, որ այդպիսի բան չկա»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց Անանյանը:
Ի պատասխան 168.am–ի հարցի, թե ինչ է իրեն հայտնի եղել մինչ մամուլի հրապարակումը՝ Ռաֆիկ Մաշադյանը խաղամոլ լինելու մասին, արդյո՞ք հրապարակումներից հետո ՊԵԿ նախագահը Մաշադյանի հերքումը համոզիչ է համարում և լրացուցիչ անգամ չի խոսել նրա հետ, Դ. Անանյանն ասաց.
«Ցանկացած անձ խաղադրույք կատարելու իրավունք ունի, եթե այդ խաղադրույք կատարելը չի դառնում հիվանդություն: Քանի դեռ իր պաշտոնեական ծառայությունները կատարելուն չի վտանգում, մենք ոչ մի անձի չենք կարող արգելել խաղադրույքներ կատարել:
Դուք գիտե՞ք այդպիսի օրենք, որով պետական ծառայողին արգելվում է խաղադրույք կատարել: Ես այդպիսի օրենք չգիտեմ, եթե դուք գիտեք, ինձ ասեք, ես հանդես կգամ և կարգելեմ հարկային և մաքսային ծառայողներին այդպիսի բաներից: Բայց եթե կա անձ, որը խաղադրույք է կատարում և դրա ընթացքում պարբերաբար պարտվում է, և զանազան տեղերից փող հայթայթելու ժամանակ կարող է վտանգվել իր ծառայողական պարտականությունների կատարումը, մենք այդպիսի անձի հետ ճանապարհ չունենք գնալու»:
Սյուզի Բադոյան