«ԲՀԿ-ն ոչ մի վայրկյան չի դադարեցնի իր գործունեությունը բոլոր ուղղություններով». Արման Աբովյան
«Վերահաստատում եմ մեկ շատ կարևոր թեզ, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը բացառապես քաղաքական հետապնդում է, և նա քաղբանտարկյալ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։
Նա չցանկացավ մանրամասնել, թե ինչպիսին է լինելու իրենց ճանապարհային քարտեզն այն երկու ամիսների ընթացքում, երբ Գ. Ծառուկյանը կալանքի տակ կլինի։
«Թույլ տվեք մեր ճանապարհային քարտեզը չմանրամասնել, բայց համոզված եղեք, որ ԲՀԿ-ն ոչ մի վայրկյան չի դադարեցնի իր գործունեությունը բոլոր ուղղություններով, սա միանշանակ է։ Քաղաքական բոլոր գործիքակազմը, որը գոյություն ունի, մեր կողմից շատ արդյունավետ օգտագործվելու է»,- նշեց Արման Աբովյանը։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի փաստաբանների կողմից նրա կալանքի որոշումը բողոքարկելու վերաքննիչ բողոք ներկայացնելուն, Արման Աբովյանը նշեց, որ չի ցանկանում դեռևս կանխատեսումներ անել դրա ելքի վերաբերյալ.
«Թող վերաքնիչ բողոքը ներկայացնեն, այն ժամանակ կտեսնենք»։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով ԱԱԾ-ի ներկայացրած՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, որոշում է կայացրել ԲՀԿ առաջնորդին երկու ամսով կալանավորել։
Հիշեցնենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի ընտրություններում կաշառք տալու և դրա դիմաց ձայներ ստանալու մեջ։