Բաժիններ՝

Կառավարությունը միլիոնների արտոնություն է տվել հարկ չվճարած և ընդամենը 1 աշխատակից ունեցող ընկերությանը

Կառավարությունը սեպտեմբեր 24-ի նիստում հերթական հարկային արտոնությունն է տվել գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող ընկերության։

Ի տարբերություն նախորդ Կառավարության նիստերի, երբ գերակա ոլորտում ներդրում իրականացնող ընկերություններին հարկային և մաքսային արտոնություն տալու մասին նախագծերը լինում էին զեկուցվող, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը դրանք մանրամասն զեկուցում էր, որից հետո էլ նախագծերին կրկնակի անդրադարձ էր անում վարչապետ Փաշինյանը՝ մի քանի անգամ կրկնելով տրված արտոնության չափը՝ որպես ապացույց այն բանի, թե ինչպես է գործադիրն աջակցում ներդրողին, սեպտեմբերի 24-ին հարկային արտոնության համար ներկայացված նախագիծը Կառավարության ոչ թե զեկուցվող, այլ չզեկուցվող հարցերից մեկն էր։

Եվ այսպես, արտոնության համար Կառավարությանը դիմել էր «ՍԹԱՐՄԵԴ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ խնդրելով տրամադրել ներմուծվող  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը մաքսատուրքից ազատելու համար նախատեսված արտոնությունը։

Այս ընկերությունը Չինաստանից ներմուծելու է պահամաններ, որոնք օգտագործվելու են բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար:

Կառավարությունը ներկայացած նախագիծն ընդունել է և «ՍԹԱՐՄԵԴ» ընկերությանը տրամադրել 23 միլիոն 994 հազար դրամ արտոնություն։

Հետաքրքիր է, որ միլիոնների հարկային արտոնություն տրվել է մի ընկերության, որը, ըստ Պետական եկամուտների  կոմիտեի ներկայացրած առարկության, 02.09.2020 դրությամբ ունեցել է հարկային պարտավարություն, այսինքն՝ չվճարված հարկ։

Նկատենք, որ Կառավարության կողմից հարկային արտոնություն ստացած այս ընկերությունը հարկային պարտավորություն ունենալուց զատ՝ ունի ընդամենը մեկ աշխատակից, իսկ Պետական ռեգիստում գրանցվել է ընդամենը երեք ամիս առաջ՝ 2020 թվականի հունիսի 26-ին։

Ինչպես տեղեկանում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին արված վճարներից, «ՍԹԱՐՄԵԴ» ընկերությունն այս տարվա հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին հիմնադրամին վճարել է ընդամենը մեկ աշխատակցի համար. ամեն ամիս՝ 1000-ական դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս