Բաժիններ՝

«Ընթրիք հիմարի հետ». Ֆրանսիս Վեբերի հանրահայտ կատակերգությունը կներկայացվի Վանաձորի թատրոնի բեմում

«Խաղալիքը», «Ձախորդները», «Հայրիկները»… Ֆրանսիական կինոարվեստում մեծ ներդրում ունեցած ծագումով հայ ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումն առաջիկայում համալրելու է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկը:

Ներկայացումը բեմադրել է Սարգիս Մանուկյանը: Ֆրանսուա Պինյոնին (հիմար) մարմնավորում է Հակոբ Դեմիրճյանը, հրատարակիչ Պիեռ Բրոշանի կերպարը կերտել է Ժիրայր Գաբրիելյանը:

Այս բեմադրության և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ներկայացման ռեժիսոր Սարգիս Մանուկյանի հետ, որը կարծում է՝ հատկապես վերջին ամիսներից հետո հասարակությունը կատակերգություն դիտելու կարիք ունի: «Ըստ իս՝ թատերասերներն ավելի շատ ուրախանալու, զվարճանալու ցանկություն կունենան, քանի որ վերջերս այդ ամենն ասես մեզ պակասում է»,- նշեց նա ու տեղեկացրեց, որ բեմադրությունը հանդիսատեսի դատին են հանձնելու ոչ թե բացօթյա, ինչպես անում են վերջին ամիսներին, այլ թատրոնի փակ դահլիճում:

Անդրադառնալով դերասանների ընտրությանը՝ ռեժիսորը խոստովանեց, որ ձգտում է համագործակցել երիտասարդ դերասանների հետ, որովհետև նրանք քիչ են կարծրացած, նրանց հետ հեշտ է աշխատել, քանի որ հնարավոր է ստանալ այն, ինչ ցանկանում ես: Մանուկյանի համար առաջնային է դերասանի մեջ նորություն գտնելը, մի բան ստանալը, ինչը ոչ ոք չէր սպասում:

Ինչ վերաբերում է «Ընթրիք հիմարի հետ» ստեղծագործությանը, ապա այն արդիական է այսօր ևս: Սարգիս Մանուկյանը հիշեցրեց, որ Ֆրանսիս Վեբերի ֆիլմերում խաղացել են այնպիսի Պիեռ Ռիշարը, Ժերար Դեպարդիեն և շատ այլ սիրված դերասաններ: Նրան դուր է գալիս Վեբերի ստեղծագործությունների դինամիկան, ուրախ մթնոլորտը, հանգամանքները, որոնք զավեշտալի իրավիճակների են բերում:

«Նորություն, արդիականություն կարելի է գտնել նաև անտիկ դրամատուրգիայում` Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի գործերում: Այլ հարց է խնդիրների լուծման գործիքները գտնելն ու դրանք տվյալ ստեղծագործության միջոցով հանդիսատեսին հասցնելը: Հեղինակներ կան, որոնց դեպքում հեշտ է լուծումներ գտնել, կան հեղինակներ, որոնց գործերը բեմադրելիս դա անելը բարդ է և կախված է նյութի մասշտաբայնությունից: Եթե բեմադրեի Շեքսպիրի կատակերգություններից մեկը, ավելի դժվար կլիներ, քանի որ Շեքսպիրը մեզ առավել կայացած և ուժեղ կամքի, մտքի տեր մարդու տեղ է դնում»,- ընդգծեց Սարգիս Մանուկյանն ու հավելեց, որ ստեղծված պայմաններում, ունեցած ռեսուրսներով փորձել է հետաքրքիր, որակյալ ներկայացում բեմադրել՝ պահպանելով կատակերգություն բեմադրելու բոլոր ավանդույթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս