Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի նոր աճուրդի մեկնարկային գինը կլինի 7.593.833.600 դրամ
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կրկին կսկսվի մեկնարկային կետից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել էր Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հիշեցնելով, որ նախորդ աճուրդի գործընթացը դադարեցվել էր, քանի որ այնտեղ կորոնավիրուսի համավարակի կոնտակտային անձինք էին տեղակայված:
Նարեկ Բաբայանը, սակայն, չէր նշել գինը, որով հյուրանոցը պետք է կրկին դրվի աճուրդի:
168.am-ի հարցին, թե ինչ գին է նախատեսված «Գոկդեն Փելիս» հյուրանոցը կրկին աճուրդի դնելու համար, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի մամլո խոսնակ Հեղինե Գևորգյանն ասաց, որ նախատեսվող գինը պետք է հաշվարկվի 3 թվային ցուցիչների հանրագումարի արդյունքում՝ շենք-շինություններ՝ 7 526 457 800 դրամ, հատկացված հողամաս՝ 62 431 200 դրամ, և գույքի արժեքի որոշման գումար՝ 4 944 600 դրամ:
Ըստ այդմ՝ այս երեք թվերի հանրագումարը կազմում է 7.593.833.600 դրամ: Հենց այս գումարով աճուրդի կդրվի հյուրանոցը: