«Խստորեն պետք է հետևեն ներկրողներին, հասկանան՝ ի՞նչ քանակությամբ և որտեղի՞ց են սպիրտ ներկրում»
Օրեր առաջ սպիրտային թունավորման դեպքեր էին գրանցվել։ Մտահոգություններ էին հնչում, թե հնարավոր է՝ թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտն օգտագործված լինի նաև ալկոգելերում։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քննչական կոմիտեից ստացած տվյալների հիման վրա ստուգումներ է իրականացրել ալկոգելի շուկայում:
«Մասնավորապես, նախապես վաճառքից հանվել են մեթիլ սպիրտի վաճառք իրականացրած իրավաբանական անձի կողմից արտադրված ալկոգելերի տարբեր խմբաքանակներ, ապա լաբորատոր փորձաքննության են ենթարկել դրանք։ Ըստ արդյունքների` վերոնշյալ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված ալկոգելերը չեն պարունակել մեթիլ սպիրտ կամ մարդու առողջության համար վտանգ ներկայացնող այլ թունավոր նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց՝ հիշեցնելով, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է։
ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի կարծիքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի բացթողումն այստեղ կա. «Եթե չկա տեղեկատվություն՝ վտանգավոր սննդի սննդային թունավորումների, ինֆեկցիաների մասին, բնական է՝ ժողովուրդն անզգույշ կլինի: Ասեմ, որ ժողովրդի իրավագիտակցությունը տեղում է, պարզապես ՍԱՏՄ որոշ պաշտոնյաներ մանիպուլյացիա են անում՝ մեղքը բարդելով ժողովրդի վրա: Իսկ մեր ժողովուրդը մի քիչ ավելի զգույշ է, ասում են՝ լիազոր մարմին կա, թող գնա վերահսկի, ինչո՞ւ իմ հարևանի մասին գնամ հայտնեմ լիազոր մարմնին: Ալկոհոլային թունավորման արդյունքում 21 մահ կա, փորձում են ասել, որ դա իրենց վերահսկողության տիրույթում չէ»,- ավելի վաղ ասել էր ՍԱՊԾ նախկին պետը:
ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն էլ 168.am-ին փոխանցեց. «Նման իրավասություն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը չունի, դա ոստիկանության ու տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթն է»:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ նկատեց՝ առաջին հերթին սպառողը պետք է զգոն լինի, իմանա, թե ինչ է գնում:
«Սակայն պետք է այս ամենին հետևեն և՛ իրավապահները, և՛ այն կառույցները, որոնք սննդամթերքի կամ ոգելից խմիչքների արտադրության վերահսկողությամբ են զբաղվում: Սպառողը գայթակղվում է էժան գնով և գնում է խմիչք կամ ինչ-որ ապրանք: Ինչքան էլ աշխատանքներ ենք տանում, սա չի փոխվում, սպառողը միշտ ձգտում է էժանին, ապա նոր վերջում նայում է որակին: Չնայած պետք է նշեմ, որ մարդիկ վերջին տարիներին ավելի տեղեկացված են, ուշադիր: Հաճախ նկատում եմ, որ ուսումնասիրում են մակնշումը՝ իմանալու, թե ով է արտադրողը, բաղադրությունն ինչպիսի՞ն է, և այլն: Իսկ եթե անդրադառնանք ալկոհոլային վերջին թունավորմանը, ապա իրավապահները պետք է զբաղվեն տնտեսվարողներով, որոնք ներկրել են մեթիլ սպիրտ և տրամադրել են՝ որպես սննդի մեջ օգտագործվող սպիրտ: Պետք է պարզեն՝ դա որպես տեխնիկական սպի՞րտ է ներկրվել, թե՞ ոչ, և որպես ի՞նչ է վաճառվել»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:
Հարցին՝ արդյո՞ք տեղին են այն պնդումները, որ պետք է վերջ տալ, օրինակ, տանն օղի թորելուն ու վաճառքի հանելուն, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը պատասխանեց.
«Գիտեք, մեզ մոտ տարիներ շարունակ այդպես է եղել: Մարդիկ տան պայմաններում մրգից օղի են թորել, և հիմնականում այդպես գյուղերում են անում, ու չեմ կարծում, որ հնարավոր է մասսայաբար արգելել: Չեմ հիշում, որ այսքան ժամանակ մրգային օղուց մեկը թունավորվեր, առավել ևս՝ մահացու դեպք լիներ: Սա կապված է ներկրված սպիրտի հետ, հետևաբար՝ խստորեն պետք է հետևեն ներկրողներին, հասկանան՝ ի՞նչ քանակությամբ և որտեղի՞ց են ներկրում, ի՞նչ ապրանքանիշով»:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը` անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։