Բաժիններ՝

«Մարզպետ Գարիկը վրեժը սառն է մատուցում. դպրոցի նորընտիր տնօրենին ազատել է պաշտոնից». քաղաքացի

«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կրկին իր դերի մեջ է, մարզի դպրոցներից մեկում տնօրենի մրցույթ է եղել, հաղթող է ճանաչվել, սակայն այսօր մարզպետը որոշել է, որ իր մարդը պետք է լինի դպրոցի տնօրեն»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչը՝ հավելելով, որ այս պահին դպրոց են գնացել մարզպետի տեղակալը և մարզպետարանի կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, որպեսզի իրենց թեկնածուին ներկայացնեն:

«Արարատի մարզի Եղեգնավան գյուղի (նախկին անվանումը՝ Շիդլու) դպրոցում օգոստոսի 28-ին դպրոցի տնօրենի մրցույթ է եղել և ձայների մեծամասնությամբ՝ 6 կողմ, 0 դեմ, տնօրեն է ընտրվել Մանվել Զաքարյանը, որը նույն դպրոցում 1991 թվից աշխատել է՝ որպես զինղեկ, իսկ 2005-ից՝ տնօրեն: Այսօր մարզպետը դպրոց է ուղարկել իր կրթության բաժնի ԺՊ-ին՝ Հասմիկ Գասպարյանին, և իր տեղակալին՝ Ալբերտ Մկրտչյանին, որոնք իրենց հետ դպրոց են բերել և կոլեկտիվին են ներկայացնում Հասմիկ Մայիլյան անուն-ազգանունով նոր տնօրենի, որը, ի դեպ, մասնակցել է նաև Ավշարի դպրոցի տնօրենի մրցույթին ու չի անցել: Կոլեկտիվը և ծնողները չեն ընդունում նրան»,- ասաց մեր աղբյուրը:

Նրանից հետաքրքրվեցինք, եթե օրինական ձևով է կայացել մրցույթը, ապա ո՞րն է նման քայլի գնալու պատճառը:

«Մարզպետը Հասմիկին ու Ալբերտին ուղարկել է, ասել է՝ գնացեք, ասեք, որ ես չեմ վստահում ընտրված տնօրեին, բայց, եթե նման բան կար, ինքը ուներ ժամանակ, մրցույթը կայացել է օգոստոսի 28-ին, նաև մարզպետարանից 2 անդամ կան խորհրդի կազմում, որոնք չեն մասնակցել ընտրությանը, եթե ինքը բան ուներ ասելու, կարող էին այդ ժամանակ իր մարդիկ մասնակցեին, որոնք որ ընտրությանն ուզում՝ մասնակցում են, որին չեն ուզում՝ չեն մասնակցում: Ասել է՝ չեմ վստահում այդ տնօրենին, քանի որ նրա վրա քրեական գործ է եղել, բա որ գործ է եղել, ինչի՞ է կարճվել, եթե մարդը հանցանք է արել, գործն ինչի՞ համար է կարճվել: Մարզպետն ասում էր՝ ոստիկանությունն օրվա իշխանությանն է, բա քո օրվա իշխանությանը ծառայող ոստիկանությունն ինչո՞ւ է կարճել գործը: Եթե նրա գործն այնպիսի գործ էր, որ չպետք է մասնակցեր տնօրենի ընտրության, չէր մասնակցի, թույլ չէին տա: Մարդը, որ ընտրության է մասնակցում, իր բոլոր փաստաթղթերը ստուգվում են, եթե խնդիր ունի՝ չեն թողնում մասնակցի: Ի դեպ, ազատված տնօրենի՝ Մանվել Զաքարյանի կինը՝ Սաթիկ Զաքարյանը, Ավշարի դպրոցի ուսուցչուհի է, որը դեմ էր Ավշարի դպրոցում մարզպետ Գարիկ Սարգսյանի առաջարկած թեկնածուին, և հիմա նրանք այսպես վրեժ են մատուցում: Գարիկը վրեժը սառն է մատուցում: Մարզպետն այս նույն ակտիվությամբ թող խաղող մթերողների կողքին կանգնի»:

168.amԱրարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է հիմք հանդիսացել նորընտիր տնօրենին ազատելու համար, և այս պահին ի՞նչ իրավիճակ է տիրում դպրոցում:

Գասպարյանը հայտնեց, որ տնօրենի ընտրությունից մոտ 1 ամիս առաջ նորընտիր տնօրեն Մանվել Զաքարյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել, ապա կրկին մասնակցել մրցույթին:

«Մանվել Զաքարյանը մինչև մրցույթ անցկացվելը դիմում էր գրել և դուրս էր եկել աշխատանքից, որովհետև դպրոցում իր հետ կապված ինչ-որ դատական վարույթ էր անցկացվել: Իրեն փոխարինել էր իր ուսումնական մասի վարիչը: Թե ինքը մարզպետարանում ո՞ւմ մոտ է մտել, ի՞նչ են ասել, ինչո՞ւ է դիմում գրել, ես իրեն չեմ տեսել: Ինքը տեսել է, որ տնօրենի մրցույթի համար մարդ չի դրել թեկնածություն, նորից դրել է: Դպրոցի տնօրենի ԺՊ-ն վերցրել է դիմումը, կարող է նույնիսկ ինքն էլ տեղյակ չի եղել, վերցրել է գործերը, ուրիշ թեկնածու չի եղել, 6 ձայնով անցել է մարդը»,- ասաց մարզպետարանի ներկայացուցիչը:

Հարցին, թե արդյոք թեկնածուների փաստաթղթերը չե՞ն ներկայացվել մարզպետարան, կամ, խորհրդի կազմում կան նաև մարզպետարանի ներկայացուցիչներ, ինչո՞ւ չեն միջամտել, եթե խնդիր կար, թույլ չտային ընտրությունն իրականանար, այլ ոչ թե շուրջ 1 ամիս անց նոր տնօրեն բերել դպրոց, Գասպարյանը պատասխանեց.

«Կարգն այսպես է՝ մեզ մոտ իրենք չեն բերում, որովհետև խորհուրդն է որոշում, իր գործերն ուսումնասիրում են… սա այս խորհրդի անփույթ կամ ոչ ճիշտ աշխատանքն է եղել: Իրենք կարող էին նախօրոք այդ մարդուն ասել՝ դուք ինչի՞ համար էիք ազատման դիմում գրել, գրել էիք, որ ձեր գործերը դատախազությունում է, չէ՞, եղել, այսօր ինչի՞ եք բերել, որ կարճվե՞լ է կամ բան, բայց ես չգիտեմ, թե կոնկրետ ո՞ր հարցն է: Ինչ վերաբերում է խորհրդի կազմում մարզպետարանի 2 ներկայացուցիչների ընդգրկված լինելուն և չմասնակցելուն, ես չեմ կարող խորհրդի մասնակիցների տեղը պատասխանել»:

Հարցին, թե ինչպե՞ս և ո՞վ է որոշել, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակվի Հասմիկ Մայիլյանը, Հասմիկ Գասպարյանը պատասխանեց, որ հստակ սահմանված կարգ կա՝ մարզպետն ում ուզի՝ կարող է նշանակել տնօրենի ԺՊ:

«Ժամանակավոր պաշտոնակատար, մարզպետը ցանկացած մարդու, եթե ինքը չի վստահում կամ չի ուզում, որ տեղում ուսմասվար կազմակերպիչ լինեն, ինքը կարող է դրսից մարդ նշանակի, սա օրենքի խախտում չի: Եռամսյա ժամկետում՝ այսօրվանից հաշված, կարող է մրցույթ հայտարարվել, մրցույթի ընթացքում կարող է, ով ուզում է՝ դնի՝ չանցնի, չի բացառվում: Մենք ընդամենը տնօրենին ներկայացրել ենք»:

Դիտարկմանը, որ բնակիչներն ասում են՝ սա մարզպետի վրեժն է, քանի որ տնօրենի կինն Ավշարի դպրոցում ուսուցչուհի է աշխատում և դեմ էր արտահայտվել Գարիկ Սարգսյանի՝ տնօրենի թեկնածուին, Գասպարյանը չմեկնաբանեց.

«Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև տեղյակ չեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս