«Նիկոլ Փաշինյանը շատ ուժեղ կանխատեսումներ է անում, ուժեղ բաժակ է նայում, դրանից ավելի բան չեմ տեսել ես». ցուցարար
Կառավարության դիմաց, ինչպես ամեն հինգշաբթի, այնպես էլ այսօր քաղաքացիները տարբեր հարցերի վերաբերյալ բողոքի ակցիաներ էին իրականացնում, նրանցից մեկն էլ կառավարությունից պահանջում էր, որպեսզի բաց տարածքներում դիմակներ կրելու պարտադրանքը հանեն: Ասում էր, որ այսօր 4 անգամ տուգանվել է դիմակ չկրելու համար:
«Այսօր ուզում էի բոլորս հանեինք դիմակները, օդի հարկերը վճարեինք, մարեինք արտաքին պարտքը և թալանված բյուջեն վերականգնեինք, քանի որ հույս չունեմ, որ վարչապետիստը բան կփոխի այդ ոլորտում: Մենք փրկություն չունենք, հես ա, շուտով «ընդդիմադիր» քաղաքական ուժերն էլ ոտքի կկանգնեն, նույն մեր պարապ ոստիկանությունը կհայտնվի այնտեղ, իր բուն գործառույթներից շեղված: Ոստիկանների կեսը մոստերի վրա պարեկություն են իրականացնում, որ մարդիկ իրենց չգցեն, որովհետև այսօր այնքան դժգոհ է հասարակության մեծամասնությունը, որ փրկությունը մոստերից գցելու մեջ է տեսնում»,- ասաց բողոքող տղամարդը:
Լրագրողի դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ համընդհանուր դժգոհություն չկա ժողովրդի կողմից, քաղաքացին հիշեց իշխանության ներկայացուցիչների նախընտրական խոստումները.
«Իշխանական թևի ներկայացուցիչ քաղաքապետն ասում էր՝ տրանսպորտային միջոցները փոխարինվելու են՝ մեծ փողոցներով երթևեկելու են մեծ ավտոբուսները, միջին փողոցներով՝ միջին, իսկ փո՜քր փողոցներով՝ փո՜քր, ու ծափ էին տալիս: Հիմա այդ նույն մարդուն ասում ես՝ բա խի՞ բան չի փոխվել, ասում է՝ ո՞վ է ասել, որ հիմա պետք է փոխեմ, 5 տարվա ռազմավարություն է»:
Քաղաքացին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 2050 թվականի ռազմավարությանը.
«2050 թվին, եթե հանդիպենք, եթե Աստված այդքան կյանք տա, ինքը կասի՝ 2073 թվին խոստանում եմ՝ ձեր կյանքն ինչքան է բարելավվելու: Նիկոլ Փաշինյանը շատ ուժեղ կանխատեսումներ է անում, ուժեղ բաժակ է նայում, դրանից ավելի բան չեմ տեսել ես»:
Քաղաքացին կոչով դիմեց Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին.
«Եթե դուք իսկապես ընդդիմություն եք, ինչո՞ւ ձեր մանդատները վայր չեք դնում, ինչի՞ եք ասում՝ մենք չենք կարող այս իշխանության հետ աշխատել: Արդեն 3-րդ տարին է՝ ասում է՝ համբերեք, համբերեք, հղի է, հես ա ունենալու է, համբերեք, ինչքա՞ն, դրա համար նախատեսված է 9 ամիս, դրանից ավելի էլ մենք չենք կարում ընկալենք»։
Մանրամասները տեսանյութում