Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արձագանքը՝ ԵՏՀ-ում ՀՀ ներկայացուցչին չարաշահումների մեջ կասկածելու վերաբերյալ

Նախորդ շաբաթների ընթացքում մամուլում սկսեց շրջանառվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանի՝ չարաշահումների մեջ կասկածվելու վերաբերյալ տեղեկություն:

Դեռ օգոստոսի 31-ին «Փաստինֆո»-ն գրել էր, թե հանձնաժողովում սկանդալ է հասունանում և 2018թ. հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ։

Ըստ շրջանառվող տեղեկության՝ ԵՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանը կասկածվում է ֆինանսական միջոցների վատնումներ կատարելու, տենդերի հայտարարման կանոնները խախտելու համար:

Ըստ տեղեկության՝  ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ ներքին քննություն է սկսվել, որի համար հիմք են հանդիսացել տվյալները, համաձայն որի՝ Գեղամ Վարդանյանն օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ աշխատանքի է տեղավորել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա։ Մասնավորապես, նոր պայմաններ են առաջ քաշել կապալառուների առջև, որպեսզի գործող կազմակերպությունների մասնակցությունը դառնա անհնար, և մրցույթում հաղթեն նոր ընկերություններ՝ կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ։

Ավելի վաղ կառավարությունից՝ 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ Գեղամ Վարդանյանի նկատմամբ ներքին հետաքննություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սահմանված ընթացակարգերի՝ որոշակի երկրին առնչվող նախարարների կամ պաշտոնատար անձանց նկատմամբ որևիցե ներքին հետաքննություն իրականացնելիս կոլեգիան ծանուցում է այդ երկրին նմանատիպ հետաքննություն իրականացնելու մտադրության վերաբերյալ: Նման ծանուցում առկա չէ:

Հայտնում ենք նաև, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության շրջանակներում մենք նկատում ենք հանձնաժողովի՝ բոլոր ուղղություններով տարվող հետևողական և արդյունավետ աշխատանքը, որտեղ իրենց ակտիվ դերակատարությունն ունեն նաև Հայաստանի ներկայացուցիչները»,- նշված էր պատասխան հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 10-ին 168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողով: Խնդրել էինք հայտնել՝ համապատասխանո՞ւմ է իրականությանը մամուլում շրջանառվող տեղեկությունը, արդյո՞ք ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ Գեղամ Վարդանյանի նկատմամբ սկսվել է ներքին քննություն, ինչպես նաև նշել, թե տեղեկացվա՞ծ են արդյոք այդ մասին ՀՀ իշխանությունները:

Ի պատասխան՝ ԵՏՀ մամուլի ծառայությունից ևս հերքել էին մամուլում շրջանառվող տեղեկությունը:

«ԵՏՀ-ի Ինֆորմացիոն-տեղեկատվական տեխնոլոգիաների, ներքին շուկաների և ինֆորմացիզացիայի աշխատանքների նախարար  Գեղամ Վարդանյանի նկատմամբ ներքին հետաքննության իրականացման վերաբերյալ  տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության իշխանություններին ծանուցելու հիմք չկար»,- նշված էր ԵՏՀ մամուլի ծառայության պատասխանում:

Տեսանյութեր

Լրահոս