Նոր Զելանդիայի տնտեսությունն ամենամեծ եռամսյակային անկումն է արձանագրել 1987 թվականից ի վեր
Նոր Զելանդիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ տարվա հունիսի վերջին 12,2 տոկոսով կրճատվել է համավարակի բացասական ազդեցության պատճառով: Ինչպես հաղորդել է Վիճակագրության պետական բյուրոն, որը հրապարակել է 2020 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը, այդ անկումը դարձել է ամենազգալին ավելի քան 30 տարվա ընթացքում։
Բյուրոյի տվյալներով՝ երկրի տնտեսությունն անկման շրջան է մտել մարտին, սակայն այն ժամանակ Նոր Զելանդիայի համախառն ներքին արդյունքը կրճատվել է սոսկ 1,4 տոկոսով: «Համախառն ներքին արդյունքը 12,2 տոկոսով նվազել է 2020 թվականի հունիսին, ինչը դարձել է ամենամեծ եռամսյակային անկումը, որն արձանագրվել է 1987 թվականից ի վեր»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ազգային տվյալների առաջատար մասնագետ Փոլ Փեսքոուի խոսքով՝ ՀՆԱ-ի այդ կրճատումը նաեւ դարձել է «ամենամեծը Նոր Զելանդիայի պատմության մեջ»: Գերատեսչությունում հայտնել են, որ COVID-19-ի համավարակի բացասական տնտեսական հետեւանքների պատճառով զգալի անկում է արձանագրվել երկրի տնտեսության գործնականում բոլոր ճյուղերում:
Ընդհանուր սպառողական ծախսերը նվազել են ավելի քան 25 տոկոսով, իսկ արտադրության ընդհանուր մակարդակը՝ 21,1 տոկոսով: Գործազրկության մակարդակը կազմել է 4 տոկոս՝ երկրորդ եռամսյակում նվազելով 0,2 կետով: Տեխնիկական ռեցեսիան՝ ՀՆԱ-ի երկու եռամսյակային նվազումը, նախկինում Նոր Զելանդիայում նշվել է 2009 թվականին, երբ երկրի տնտեսությունը 0,1 տոկոսով կրճատվել էր առաջին եռամսյակում եւ 1 տոկոսով՝ երկրորդ եռամսյակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: