«Մենք այդ թուլաբաժնով այստեղից դուրս չենք գա». Ֆիրդուսի թաղամասի բնակչի տան պատը քանդել են

Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին այսօր կրկին անհանգստացրել էին տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները: Բնակիչներից Հարություն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առավոտյան մի քանի ժամ լսել են աշխատող տեխնիկայի ձայնը, իսկ հետո՝ 13:30-ի սահմաններում, նկատել, որ տրակտորն արդեն մտնում է իրենց տուն՝ ննջասենյակի պատը քանդել են:

«Առավոտից լսում էի գմփգմփոցը, ամուսնուս խնդրեցի, որ դուրս գա նայի, թե ինչ է կատարվում, ասաց՝ դե քանդում են, հո չե՞մ գնա այնտեղ կանգնեմ, բայց չգիտեինք, որ այստեղ են քանդում: Թոռս այստեղ պառկած էր, լավ է՝ գլխին չի ընկել: Ասաց՝ տատի, արի տես՝ ինչ են անում, պատը քանդեցին»,- պատմեցին տանտերերը:

Նրանց խոսքով՝ սա միտումնավոր քայլ է, որպեսզի իրենց ստիպեն տարածքից դուրս գալ.

«Գերակա շահը ո՞րն է, ի՞նչ են կառուցելու այստեղ, բիզնես շենքեր են կառուցելու, որ իրենց բիզնեսը զարգացնեն: Գերակա շահ է, երբ որ երկաթգիծ կառուցեն, օդանավակայան կառուցեն, ի՞նչ գերակա շահ, սո՛ւտ է, այստեղ գերակա շահ չկա: Իրենք 100 տոկոսով գիտեին, որ ես տնից դուրս չէի գալու, սա դիտավորություն է, որ մեզ այստեղից հանեն: Դատի եմ տալու, բա ի՞նչ անեմ, այսպես մնա՞մ: Մեր տուն ոչ մեկը չի եկել, ոչ մի բան չի առաջարկել, որովհետև գիտեն՝ իրենց թուլաբաժինը, որ այս ժողովրդին շպրտում են  ու հանում փողոց նետում, մենք այդ թուլաբաժնով այստեղից դուրս չենք գա»:

Հիշեցնենք, որ Ֆիրդուսի թաղամասում  նոր շենքեր կառուցելու թեմաների ֆոնին քաղհասարակության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ բողոքի ձայն բարձրացրին: Թեմայի վերաբերյալ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրեց, որ նախատեսվում է այդ հատվածում կառուցել 2-4 հարկանի շենքեր:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս