«Ոստիկանությանը տրվել է քաղաքական հրահանգ. Փաշինյանը հայտարարել է պատերազմ». Էլինար Վարդանյան
«Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության, ոստիկանությունն օգտագործվում է իշխանության շահերի համար»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։
Ըստ նրա՝ ոստիկանությանը տրվել է քաղաքական հրահանգ, որի ապացույցն ամեն օր տեսնում ենք քաղաքացիների և ոստիկանության միջև մեծ ու փոքր բախումների տեսքով։
«Ոստիկանության միջոցով Փաշինյանը պատերազմ է հայտարարել ժողովրդին։ Մենք ամեն օր ենք տեսնում բախումներ։ Հասկանալի է, որ ոստիկանությունն ունի քաղաքական հրահանգ և առաջնորդվում է դրանով. տեսնում ենք քաշքշուկների և ծեծկռտուքների խրոնիկոն։ Այս ամենը բերելու է խզվածության, որը կմնա նաև, երբ անցնեն այս դիմակները։ Սրանք քայլեր են, որոնք երկիրը դարձնում են ոստիկանական։ Փաշինյանը մնացել է ուժայինների հույսին, որովհետև հասարակության մոտ արդեն անցել է էյֆորիայի փուլը, իսկ իշխանությունը հասկացել է, որ հնարավոր չէ անընդհատ մարդկանց զգացմունքներ վաճառել և հիմնվել դրա վրա։ Ստեղծված վիճակում իշխանության համար միակ ելքը մնում է հետևյալը՝ հենվել ուժայինների վրա»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ 2020 թվականին ոստիկանության կողմից իրականացվող գործողությունները ցույց են տալիս, որ մենք գնում ենք դեպի 90-ականներ, երբ քաղաքացին ապահովագրված չէր ոստիկանական տարատեսակ գործողություններից։
«Այս ճանապարհով քաղաքացիների մոտ ստեղծում են վախի մթնոլորտ, և այն խզվածությունը, որն առաջացել է ոստիկանության և քաղաքացիների միջև, կարող է պայթյունավտանգ լինել քաղաքացիների համար, որովհետև ոստիկանների նման պահվածքը, բնական է, որ բերելու է քաղաքացիների կողմից հակազդեցության, իսկ սրա վերջն անկանխատեսելի է»,- ասաց նա։
Է․ Վարդանյանը թեև չի կարող հստակ ժամկետ մատնանշել, թե Փաշինյանը որքան կկարողանա հենվել ուժային կառույցների վրա, սակայն ակնհայտ է համարում մեկ բան, որ խորացող սոցիալական և տնտեսական ճգնաժամն անհնար է անընդհատ զսպել տարբեր մեթոդներով, և, ի վերջո, հասարակության մոտ կուտակված խնդիրները բերելու են պայթյունի»,- ասաց Վարդանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում