«Առնվազն երկու անձ իմ աչքի առաջ ունեմ, որ որքան էլ ձախողեն՝ կմնան այդ պաշտոնին, քանի որ Փաշինյանն այդպես է ուզում». Դավիթ Խաժակյան

Այսօր Ազգային ժողովը քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը՝  Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Միևնույն ժամանակ ԱԺ դարպասների մոտ իրենց կուսակիցները ակցիա էին անում: ԼՀԿ անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այն, ինչ մարդիկ պատկերացնում էին, որ հեղափոխությունը պետք է բերի, չի իրականացել:

«Արայիկ Հարությունյանի ղեկավարած ոլորտներում ձախողումների շքերթ է: Կրթության ոլորտում հեղափոխություն, բարեփոխումներ չկան, և դրա համար մենք անհրաժեշտ ենք գտել ներկայացնել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը: Եթե «Իմ քայլը» խմբակցությունը չի առաջնորդվում մեկ կենտրոնից հնչող տեսակետներով, այլ իսկապես գնահատական է տալիս ոլորտի ձախողումներին, ապա պետք է մեծամասնությունը ևս համաձայնի, ու այդ հրաժարականը տեղի ունենա»,- ասաց Խաժակյանը:

Նրա խոսքով՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչները դժգոհ են Արայիկ Հարությունյանի գործունեությունից, ինչն էլ նշանակում է, որ նրա հրաժարականի պահը եկել է:

«Մեծամասնությունից մենք ակնկալում ենք, որ իրենք չեն առաջնորդվի այն տրամաբանությամբ, որ Արայիկ Հարությունյանը, ինչպես ռուսներն են ասում, «лицо приближенное к императору», որովհետև ակնհայտ է, որ իր ոլորտի ձախողումներն այնքան ցցուն են, որ իր փոխարեն լիներ ոչ կուսակցական, կամ, ինչպես ինքն այսօր ասաց, ոչ հեղափոխության առաջնորդ, ապա նա մի քանի անգամ  արդեն հրաժարական ներկայացրած կլինի»,- ասաց Խաժակյանը:

Այսօր ասուլիսում Արայիկ Հարությունյանի հնչեցրած այն պնդմանը, թե ինքը հրաժարական կտա, երբ զգա, որ իրենք սխալ ուղղությամբ են գնում, Խաժակյանն արձագանքեց, որ նման բան չի լինում, ոչ ոք երբեք դա չի զգում:

Լրագրողներից մեկի հարցին, թե ունե՞ն փաստեր, որ Հարությունյանի հրաժարականը պահանջում են նաև իր թիմակիցները, քանի որ ավելի վաղ ԼՀԿ ներկայացուցիչները նման պնդում էին արել, Դավիթ Խաժակյանը պատասխանեց.

«Իշխանության մեջ վերաբերմունքը հետևյալն է՝ նա հեղափոխության առաջնորդներից է և կուզի՝ հինգ անգամ ոլորտը կձախողի, կուզի՝ բոլորին կթշնամացնի իր ոլորտի և նախարարության դեմ, բայց հրաժարական չի տա: Դա Փաշինյանի մոտեցումն է: Ես այդպիսի առնվազն երկու անձ իմ աչքի առաջ ունեմ, որ որքան էլ ձախողեն՝ կմնան այդ պաշտոնին: Մյուսը, անկհայտ է, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է: Ինչքան ուզում է ձախողեք, ձախողեք մինչև վերջ, բայց հրաժարականի պահանջ չի լինի, քանի որ Փաշինյանն այդպես է ուզում, իսկ ոլորտի մարդիկ տանջվում են»,- ասաց Խաժակյանը:

Ըստ ավագանու անդամի՝ իշխանություններն իրենց գերակայությունը համարում են PR-ը, ու դրա արդյունքում խնդիրները միայն ավելանում են:

«Արայիկ Հարությունյանի տեսակետները պաշտապնում են երկու սուբյեկտներ, մեկը Պետրոս Ղազարյանը, մյուսը՝ «ֆեյքերը», ուրիշ մարդ, որ կպաշտանի, ես չեմ տեսել»,-ասաց Խաժակյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ եթե վստահ են, որ Փաշինյանն է որոշում՝ ով մնա, ով հեռանա, ով որքան ձախողի, այդ դեպքում ինչո՞ւ միանգամից վարչապետի հրաժարականը չեն պահանջում, Խաժակյանն արձագանքեց, որ ընդհանուր առմամբ՝ խնդրի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է:

Դավիթ Խաժակյանն ասաց, որ կան պնդումներ, թե իրենք պահանջում են Հարությունյանի հրաժարականը, քանի որ իշխանությունը ծրագիր ունի նրան  փոխվարչապետի պաշտոնում նշանակելու: Ավագանու անդամի խոսքով՝ դա տրամաբանական չէ, քանի որ եթե մեկն իր ոլորտը ձախողում է, ապա դրանից ավելի բարձր պաշտոնի չի կարող հավակնել:

Տեսանյութեր

Լրահոս