«Ես ոչ մի կապ չեմ ունեցել և չունեմ «Եղվարդշին» ԲԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացված գործողությունների հետ». Սեյրան Օհանյանը՝ քաղաքացի Վազգեն Մանուչարյանին

168.am-ի խմբագրությունը Վազգեն Մանուչարյան անունով մի քաղաքացուց նամակ էր ստացել, որում ասվում է.

«Սահմանապահ Այգեպար գյուղին մոտ՝ սահմանից 2 կմ հեռու, ես և իմ համագյուղացի 50 ընտանիք ավելի քան 20 հա պտղատու և խաղողի այգիներ հիմնեցինք 2007 թ.-ին մեր ուժերով, վարկերով և պարտքերով։

Մշակեցինք ու հասցրինք բերքի: Եվ 2014 թ.-ի օգոստոսի 7-ին Սեյրան Օհանյանի կողմից հովանավորվող «Եղվարդշին» ԲԲԸ-ի աշխատակիցները գողության ժամանակ վառեցին մեր 32 ընտանիքի 11 հա այգիները։ Սեյրան Օհանյանը մինչև հիմա չի թողնում, որ փոխհատուցեն մեզ հասցված վնասը։ Մենք անցանք 6 տարբեր դատարաններով, բոլոր դատավորները, դատախազները, քննիչը կատարում էին Սեյրան Օհանյանի պատվերը: Մեր այգիները վառողներին արդարացրին։ Ես երկու անգամ հանդիպել եմ Սեյրան Օհանյանի հետ և պահանջել մեզ հասցված վնասի փոխհատուցումը, Օհանյանը խոստացավ, որ կփոխհատուցի, և խաբեց։ Ես Օհանյանի հետ կապ էի պահում համապատասխան հեռախոսահամարներով։ Խնդրում եմ Ձեզ, օգնեցեք մեզ: Ի դեպ, նրանք քանդեցին և գողացան պաշտպանական շատ կարևոր գոտի համարվող երկաթյա զույգ խողովակաշարը։ Մեր հանդիպման ժամանակ Օհանյանը հաստատեց խողովակաշարի պաշտպանական նշանակությունը։ Հարգանքներով՝ Վազգեն Մանուչարյան»:

168.am-ը փորձեց լսել նաև մյուս կողմին և կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նա վստահեցրեց, որ իրեն հասցեագրված նամակում առկա մեղադրանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն, ինչպես նաև՝ ճշտումներ մտցրեց՝ իր և Մանուչարյանի խոսակցության թեմայի և բովանդակության հետ կապված:

«Կարող եմ վստահեցնել, որ տեքստը բացարձակ հերյուրանք է։ Ո՛չ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելու ընթացքում, և ո՛չ էլ այսօր ես ոչ մի կապ չեմ ունեցել և չունեմ «Եղվարդշին» ԲԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացված, նամակում նշված գործողությունների հետ, ինչպես նաև՝ երբևէ «բոլոր դատավորները, դատախազները, քննիչը» չէին կարող կատարել իմ պատվերը, ինչպես գրել է Վազգեն Մանուչարյանը։ Ասում է, որ ես չեմ թողնում, որ այդ գումարներն ինքը ստանա, ես ո՛չ այն ժամանակ, և ո՛չ էլ հիմա ոչ մեկին չեմ տեսել, ոչ մեկի հետ որևէ առնչություն, կապ չունեմ: Կրկնում եմ՝ ես երբևէ չեմ ազդել իրավապահ մարմինների գործողությունների վրա, իսկ այս տողերը միայն փաստում են, որ նամակը գրված է անհավասարակշիռ և իր խոսքերի, դատողությունների իմաստը բացարձակապես չընկալող անձնավորության կողմից։

Նամակում իրականությանը համապատասխանող միակ տեղեկությունն այն է, որ ես հանդիպել եմ նրա հետ, սակայն մեկ անգամ՝ 2017թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ և իր խնդրանքով: Նա նամակ էր գրել ֆեյսբուքյան իմ էջին և հանդիպում խնդրել՝ «իր ընտանիքի համար կենսական նշանակություն ունեցող հարցով»։ Լսելով նրան, ես միայն խոստացել եմ, որ, եթե խորհրդարանական ընտրություններում մեր դաշինքը հաջողություն ունենա, մենք կփորձենք մեր իրավասությունների շրջանակում և օրենքով սահմանված կարգով նպաստել այդ խնդրի լուծմանը։

Հետաքրքիրն այն է, որ առաջին նամակները, որոնք ինձ գրում էր Վազգեն Մանուչարյանը, մեղադրանք չէին պարունակում, այլ լսելու, օգնելու խնդրանք։ Բայց քանի որ ես չէի կարող բավարարել նրա ֆինանսական ակնկալիքները, նա ընտրեց պայքարի այլ եղանակ, որը ոչ այլ ինչ է, քան անընդունելի, դատապարտելի շանտաժ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե պաշտպանության նախկին նախարարը հաստատել է նամակում հիշատակված խողովակաշարերի պաշտպանական նշանակությունը, ապա Սեյրան Օհանյանն այս մասով ևս հաստատակամ պնդում չի արել, այլ հարցին, որ դրանք դիրքերի ետևով են անցնում, կարո՞ղ է պաշտպանական նշանակություն ունենան, նա պատասխանել է՝ եթե տեղում տեսնեմ, միգուցե պարզվի, որ դրանք կարող են պաշտպանական նշանակություն ունենալ:

Հավելենք, որ 2018-ին «Հայկական Ժամանակին» տված հարցազրույցում «Եղվարդշին» ԲԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը նշել էր, որ խողովակները քանդվել են պետական ծրագրով, իսկ «Մանուչարյանը այգի չունի, ապօրինի մի քանի ծառ է եղել տնկած` չգրանցված»:

Պարբերականի նույն հոդվածում Վերին Կարմիրաղբյուրի համայնքապետ Կամո Չոբանյանն էլ նշել էր, թե ի պատասխան Սեյրան Օհանյանի հարցին՝ ինքը պատասխանել է, որ ՊՆ-ն այս ամենի հետ գործ չունի:

Տեսանյութեր

Լրահոս