
114 դպրոցի տնօրենի ազատման հրամանը չեղյալ համարելու պատճառը դատական գործընթացն է. Արայիկ Հարությունյան

Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի՝ իր պաշտոնում վերականգնվելու մասին հարցին, ասաց, որ դա պայմանավորված է միայն դատական գործընթացներով: Հիշեցնենք՝ հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում տեսանյութ էր հրապարակել վերոհիշյալ դպրոցում կազմակերպված միջոցառումից, որը վերնագրել էր. «Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։ Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»: Քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նման միջոցառումներն արգելվում էին, այս հրապարակումից հետո ԿԳՄՍ նախարարը խիստ նկատողություն էր տվել տնօրենին: Սա արդեն երկրորդն էր, հունիսի 23-ին Կոստանյանն ազատման հրաման էր ստացել:
«Ես հայտարարել եմ, որ նման պահվածք դրսևորող տնօրենների հետ ամենևին ցանկություն չունեմ աշխատելու: Իմ օրոք նա ստացել է 2 նկատողություն, ըստ էության, մենք նրան պետք է հրաժեշտ տայինք, բայց առաջին նկատողության հետ կապված՝ կա դատական գործընթաց: Նա բողոքարկել է դատարան, և ըստ էության դրա արդյունքում առկախում է գնացել նկատողության: Երկու նկատողություններից մեկն առկախված է: Երբ դատարանը որոշում կայացնի, նոր դրանից հետո կլինի նախարարի համապատասխան հրաման՝ շարունակո՞ւմ ենք նրա հետ աշխատել, թե՞ չենք շարունակում»,- ասաց Հարությունյանը:
Նախարարը նշեց՝ իրավաբաններն ասել են, որ հետագայում կարող են իրավական խնդիրներ առաջանալ, ինչի համար էլ այժմ որևէ գործընթաց չեն նախաձեռնել: