
«Եկեք վերանանք էդ խելագարության կանխավարկածից, որ ընդունվում են որոշումներ, որոնք պետք է վնասեն մեր երեխաների առողջությանը». Արայիկ Հարությունյան

Այսօր ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով դպրոցներում դիմակ կրելու մասին որոշմանը՝ ասաց, որ իրենք առաջնորդվում են Առողջապահության նախարարության ցուցումներով, ինչպես նաև համագործակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Նա նշեց, որ այս շաբաթվա ընթացքում իրավիճակին հետևելու են, և ուղեցույցը հընթացս կարող է փոփոխվել:
«Այս պահին դիմակներ կրելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել և այս առումով լարվածություն չենք տեսնում դպրոցներում: Դիտարկումներ ուսուցիչներից չենք ստացել»,- ասաց Հարությունյանը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ հիմնականում այն բողոքներն են, որ երեխաների մոտ կարող են առողջական խնդիրներ ունենալ: Նա պնդեց, որ շահարկվում է երեխաների, աշակերտների գործոնը:
«Այդ երեխաները, աշակերտները, առաջինից մինչև 12-րդ դասարան, մեր ընտանիքներում, մեր հարազատների ընտանիքներում մեծացող երեխաներ են, իմ գործընկերների, նախարարության աշխատակիցների ընտանիքներում մեծացող երեխաներ են: Ես չգիտեմ, թե ինչ խելագարության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունը ընդունել է մի այնպիսի կանոնակարգում, կամ Առողջապահության նախարարությունը մեզ տվել է այնպիսի ցուցումներ, որ ազդելու է մեր սերունդների առողջության վրա: Այս խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ: Մենք հետևելու ենք ընթացքին և փոփոխություններ կանենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց Հարությունյանը:
Նախարարը նշեց՝ չէին ակնկալում, որ հենց առաջին օրերին դպրոցները 100 տոկոսով համապատասխանելու են իրենց տված ուղեցույցներին, բայց դիտարկումները ցույց են տվել, որ իրավիճակը բավականին բարվոք է: Հարությունյանի պնդմամբ՝ այս որոշումները կայացվել են, որ նոր բռնկումներ չունենանք, և դպրոցները կրկին փակելու անհրաժեշտություն չլինի:
«Եկեք վերանանք էդ խելագարության կանխավարկածից, որ ընդունվում են որոշումներ, որոնք պետք է վնասեն, միտված են վնասել մեր երեխաների առողջությանը, սա լուրջ չի»,- ասաց նախարարը:
Լրագրողներից մեկի հարցին, թե հեռավար կրթվող երեխաները ե՞րբ կկարողանան միանալ ցանցին, քանի որ երեկ խնդիրներ են ունեցել, նախարարը պատասխանեց, որ համակարգն արդեն գործարկված է, տեխնիկական պատճառներով հապաղումներ են եղել:
«Մենք սպասում էինք, որ հեռավարին մասնակցողների թիվը մեծ կլինի, բայց 2500-ն ենք արձանագրել այս պահին 360 հազար աշակերտներից: Յուրաքանչյուր աշակերտ մեզ համար կարևոր է, կարևոր է կրթության իրավունքն ապահովելը, կրթության անընդհատությունն ապահովելը»,- ասաց Հարությունյանը:
168.am-ի հարցին, թե քանի՞ աշակերտ դպրոց չի գնացել դիմակ կրելու պարտադրանքի պատճառով, նախարարը պատասխանեց, որ աշակերտների 97 տոկոսն առաջին օրը դասի է գնացել:
«Չգիտեմ, թե այդ բացակա 3 տոկոսի մեջ աշակերտները քանի՞տոկոսն են կազմում, ի՞նչ մասնաբաժին ունեն, կդժվարանամ ասել»,- ասաց Հարությունյանը: