Փորձագետն աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի պակաս է կանխատեսել մինչև 2024 թ. վերջը
Աշխարհում պատվաստանյութեր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ Հնդկաստանի բուժաշիճուկի ինստիտուտի ղեկավար Ադար Պունավալան կարծում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անբավարարությունն աշխարհում կպահպանվի առնվազն մինչեւ 2024 թ. վերջը։
«Չորսից մինչեւ հինգ տարի կանցնի մինչեւ որ բոլորն այս մոլորակի վրա պատվաստանյութ կստանան»,-հայտարարել է Պունավալան Financial Times թերթին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ բոլոր մարդկանց պատվաստելու համար հարկավոր կլինի պատվաստանյութի 15 մլրդ չափաբաժին:
«Ես գիտեմ, որ աշխարհը ցանկանում է դրան (պատվաստանյութերի արտադրությանը) լավատեսությամբ վերաբերվել…բայց ես չեմ լսել, որ ինչ-որ մեկը նույնիսկ այդ մակարդակին մոտենա հենց հիմա»,-հայտարարել է փորձագետը, հավելելով, որ ներկայում պատվաստանյութեր արտադրող ընկերությունների պարտավորությունները շատ անգամ գերազանցում են նրանց հնարավորությանը:
Ինչպես հաղորդել է հրատարակությունը, COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման գործում Հնդկաստանի բուժաշիճուկի ինստիտուտը համագործակցում է միջազգային հինգ դեղագործական ընկերությունների, այդ թվում՝ AstraZeneca-ի եւ Novavax-ի հետ: Ընկերությունը մտադիր է արտադրել պատվաստանյութի մեկ միլիարդ չափաբաժին, որի կեսը նախատեսված է Հնդկաստանի բնակիչների համար: Թերթը գրում է, որ Հնդկաստանի բուժաշիճուկի ինստիտուտն աշխարհում պատրաստուկների խոշորագույն արտադրողն է արտադրության ծավալով. ամեն տարի ընկերությունը 1,5 մլրդ չափաբաժին պատրաստուկ է արտադրում ավելի քան 170 երկրներում օգտագործելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: