Արցախի իշխանությունները պատրաստվում են բազմապատկել առողջապահական ոլորտի միջոցները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները պատրաստվում են բազմապատկել առողջապահական ոլորտին հատկացվող միջոցները՝ անվճար և որակյալ բժշկական ծառայություններ ունենալու համար: Այս համատեքստում նախագահը կարևորել է ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական կենտրոնների հետ համագործակցության սերտացումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավման և տեղի անձնակազմի հետ շարունակական վերապատրաստման դասընթացների կազմակերպման առումով: Հանրապետության նախագահն իր երախտագիտությունն է հայտնել նաև ՀՀ կառավարությանն Արցախի առողջապահության նախարարությանը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ նվիրելու համար՝ նշելով, որ դրանք Արցախի առողջապահական համակարգի համար աննախադեպ նվեր են և լուծելու են կենսական նշանակության խնդիրներ:

ՀՀ առողջապահության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ այն բարեփոխումները, որոնք ուղղված են Արցախի առողջապահական համակարգը կատարելագործելուն և ժողովորդի համար հասանելի դարձնելուն, միանշանակ, ողջունելի են, և դրանց աջակցելու համար ՀՀ իշխանությունները հետայսու ևս գործուն քայլեր կձեռնարկեն: Ա. Թորոսյանի խոսքով՝ նախագահի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախում առաջիկայում կբացվի ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնաճյուղ, որտեղ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ տեղում պարբերաբար կկազմակերպվեն բուժանձնակազմի վերապատրաստման ու մասնագիտացման դասընթացներ:

Հանդիպումից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել շտապօգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողություն:

Տեսանյութեր

Լրահոս