«Ռեկտոր Արմեն Դարբինյանը կդառնա «Սասնա ծռերի» առաջնորդը, իսկ նրանց հանրահավաքը փորձ է գունավոր հեղափոխության». Լևոն Նազարյան
«Հանրապետական կուսակցությունն այս երկու տարիների ընթացքում մնացել և շարունակում է մնալ ընդդիմադիր առաջին քաղաքական ուժը, որը պահել է ընդդիմադիր խրամատն ու բարձրացրել ազգային ինքնության դրոշը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում ասաց Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության անդամ Լևոն Նազարյանը։
Անդրադառնալով իշխանությունների կողմից իրենց տրվող տարատեսակ պիտակավորումներին՝ Նազարյանը նկատեց, որ կուսակցությունն առաջնորդվում է հետևյալ գաղափարախոսությամբ՝ ազգին միայնակ չթողնել բախտորոշ պահերին, իսկ իշխանությունների կողմից տրվող գնահատականները նախևառաջ գրագիտության պակասի արդյունք են։
«Եթե ՀՀԿ-ն ակտիվացել է, ինչո՞ւ են անհանգստանում ու ասում, թե զուր ջանքեր է գործադրում, դրա փոխարեն թող մտածեն այն մասին, որ հոկտեմբերի 2-ին «Սասնա ծռեր» կուսակցությունը հանրահավաք է կազմակերպելու, և հարց է առաջանում՝ իսկ իշխանությունը մտածե՞լ է այդ հանրահավաքի մասին։ Այդ կուսակցությունն իր արյունոտ կենսագրությամբ հիմա շանտաժ է անում գործող իշխանությանը, որ եթե ստանան դատավճիռ, անցնելու են զինված ապստամբության, ու փոխանակ այս հարցերին անդրադառնան, գործող իշխանությունը նորից չարչրկված թեմաների է անդրադառնում նախկին իշխանության վերաբերյալ։ Ես չգիտեմ՝ իշխանությունն այս հանրահավաքի վերաբերյալ որևէ բան մտածե՞լ է»,- ասաց Նազարյանը։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև համացանցում շրջանառվող լուրերին, ըստ որոնց, ՀՀ նախկին վարչապետ և Հայ-ռուսական սլավոնական համալարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը պատրաստվում է անդամակցել «Սասնա ծռեր» կուսակցությանը։
«Հենց միայն այն, որ ՌԴ-ից ֆինանսավովող համալսարանի ռեկտորը կարող է հանդիսանալ ռուսատյացության դարբին և առաջնորդել նման կուսակցություն, ցավալի է հայ-ռուսական հարաբերությունների մասով։ Ես կոչ եմ ուզում անել, որ մեր բարեկամ պետությանը, որ այն քաղաքականությունը, որը վարում էր՝ հակառուսական տրամադրվածություն ունեցողներին սիրաշահել բարձր պաշտոններ տալով, մի կողմ դնի, դա արդեն իրեն սպառել է, որովհետև այդ մարդիկ ավելի են երես առել և սկսել են ջուր լցնել հակառուսական ալիքին։ Ինձ թվում է, որ ի վերջո Արմեն Դարբինյանը կանդամակցի «Սասնա ծռերին» և կլինի նրանց վարչապետի թեկնածուն՝ օրինակ, արտահերթ ընտրությունների ժամանակ։ «Սասնա ծռերի» հանրահավաքը փորձ է՝ գեներացնել գունավոր հեղափոխություն, որովհետև այն ուժերը, որոնք ժամանակին աջակցեցին Նիկոլ Փաշինյանին, հիմա փորձելու են նրան փոխարինել ռադիկալ և հնազանդ կամակատարով, որը կկարողանա բարձրացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ ՀՀ-ից հեռացման և այլ հարցեր»,- ասաց Նազարյանը։
Ստեղծված իրավիճակում, ըստ Նազարյանի, հասարակության համար այլևս սպառվել է «կա՛մ մենք ենք, կա՛մ նախկինները» իշխանական թեզը, ավելին՝ իշխանության հեռացման հարցն արդեն իսկ դարձել է կոնսենսուսային գաղափար։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում