Բաժիններ՝

Փակ և բաց տարածքներում դիմակ դնելը կշարունակի մնալ պարտադիր. Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ մինչև 5 տարեկան երեխաների, բնակության վայրում, անձնական ավտոմեքենաներով երթևեկելիս, ծխելիս, խմելիս, սնվելիս, ինչպես նաև Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի»,- ասված է հրամանում:

Անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերի և կարգի, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մասնագետների վրա:

Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չդնել կարող են 0-5 տարեկան երեխաները, Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները և միջոցառման անմիջական մասնակիցները (բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի), քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողները (ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն)` պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ, ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս, բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցության ժամանակ, հեռուստահաղորդավարները` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս, հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողները, խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը), մտավոր հետամնացություն կամ հոգեկան խանգարումներ, կոգնիտիվ խանգարումներ ունեցողները, դեմքի վնասվածքը կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության, ծխելու, խմելու և սնվելու ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս