«Քանի որ չկար որոշում, ես կարող եմ ենթադրել, որ դիմակներն ընդհանրապես արդյունավետ չեն, դիմակ կրելը ինքին կրում է քաղաքացիներին տուգանքի մատերիալ սարքելու ցանկության արտահայտում». Վահե Գրիգորյան

ՀՀ կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև հունվարի 11-ը ներառյալ երկրում սահմանվել է կարանտին։ Կառավարության որոշման 18-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրառվում են անհատական պաշտպանության միջոցներ՝ համաձայն լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկի, կիրառման դեպքերի և կարգի: Լիազոր մարմինը՝ առողջապահության նախարարությունը, միայն այսօր հրապարակեց անհատական պաշտպանության միջոցները, և շատ փաստաբաններ պնդում են, որ երեկ 17:00-ից մինչև ԱՆ կողմից անհատական պաշտպանության միջոցների ցանկի հրապարակումը՝ քաղաքացիները կարող էին դիմակ չկրել և ոստիկանները նրանց տուգանելու իրավասություն չունեին:

Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդունված փաթեթի համաձայն՝ քաղաքացիները պետք է կրեին այն անհատական պաշտպանության միջոցները, որոնք սահմանված կլինեին առողջապահության ոլորտում լիազոր մարմին հանդիսացող Առողջապահության նախարարության կողմից.

«Երեկ առնվազն 22:00-ի դրությամբ լիազոր մարմինը չէր սահմանել, թե որոնք են այն անհատական պաշտպանության միջոցները, որոնք պետք է կրել կորոնավիրուսի ժամանակ և որոնք չկրելու դեպքում նոր կարող է վրա հասնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում կատարված լրացումներով նախատեսված տուգանքը: Այդ ընթացքում որևէ անհատական միջոցի բացակայությունը կամ դրա չկրումը չի կարող առաջացնել որևէ տեսակի պատասխանատվություն, այդ թվում՝ վարչական»:

Իրավաբանը նկատեց. «Շատ տարօրինակ է, երբ անընդհատ կոչեր էր արվում, թե դիմակները փրկում են մարդկանց, բայց այս դեպքում թեկուզ 4-5 ժամում պատկերացնո՞ւմ եք՝ քանի մարդ կարող էր վարակվել կորոնավիրուսով, զուտ քանի որ սահմանված չէր այդպիսի պահանջ: Եթե իրականում դիմակները պաշտպանում են, ապա ունենք շատ պարզ խնդիր, երբ անպատասխանատվության և հանցավոր անգործության արդյունքում մարդիկ կվարակվեն: Բայց եթե այդպես չէ, իսկ քանի որ չկար որոշում, ես կարող եմ ենթադրել, որ դիմակներն ընդհանրապես արդյունավետ չեն, ապա կունենանք իրավիճակ, երբ անձանց համար դիմակ կրելը ինքին կրում է նրանց տուգանքի մատերիալ սարքելու ցանկության արտահայտում»:

Տեսանյութեր

Լրահոս