WWF-ն հաղորդել է 50 տարվա ընթացքում կենդանիների պոպուլյացիայի՝ 68 տոկոսով կրճատման մասին
Կաթնասունների, թռչունների, սողունների, ձկների պոպուլյացիան վերջին 50 տարվա ընթացքում կրճատվել է 68 տոկոսով: Այդ մասին ասված է Վայրի բնության համաշխարհային ֆոնդի (WWF) զեկույցում։
«Կենդանի մոլորակի 2020 թվականի գլոբալ ինդեքսը շարունակում է նվազել: 1970-ից մինչեւ 2016 թվականներն ընկած ժամանակաշրջանում կաթնասունների, թռչունների, սողունների, ձկների պոպուլյացիաների թվաքանակը միջին հաշվով կրճատվել է 68 տոկոսով»,-ասված է զեկույցում:
Կենդանի մոլորակի ինդեքսը հիմնված է ավելի քան 4 հազար տեսակի կաթնասունների, թռչունների, սողունների, ձկների թվաքանակի մասին տվյալների վրա:
Դրա հետ մեկտեղ գիտնականները վերլուծել են ողնաշարավոր կենդանիների (գրեթե 21 հազար) պոպուլյացիայի մասին տեղեկությունները, քանի որ նրանք ավելի պարզ ձեւով են ենթարկվում հաշվառման: Զեկույցի համաձայն, առավել մեծ կորուստները գրանցված են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների արեւադարձային ենթատարածաշրջաններում. այնտեղ կրճատումը գնահատվում է 94 տոկոս:
Կենդանի մոլորակի ինդեքսը ցույց է տալիս համաշխարհային բազմազանության վիճակը եւ հաշվարկվում է ողնաշարավոր տեսակների եւ նրանց թվաքանակի միջինացված դինամիկայի վերաբերյալ հավաքված տվյալների հիման վրա: Այն կազմվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ սկսած 1998 թվականից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: