Ովքե՞ր կլինեն Գյումրիի դե յուրե և դե ֆակտո քաղաքապետերը. Արթուր Ալեքսանյանի խաղը

Շուրջ 3 ամիս առաջ 168.amգրել էր այն մասին, որ իշխանությունները Գյումրիի քաղաքապետի՝ 2021թ. աշնանը կայանալիք ընտրություններին են պատրաստվում ջանադրաբար, սակայն թեկնածուի խնդիր ունեն: Մի քանի թեկնածուներից՝ իշխող ուժի թեկնածությունն, ի վերջո, տարբեր պատճառներով կանգ էր առել գյումրեցի ըմբշամարտիկ, աշխարհի ու օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վրա, ում հայրը, որ նաև վերջինիս մարզիչն է, շտապել էր հերքել տեղեկատվությունը:

Վերջին շաբաթվա ընթացքում կրկին ակտիվացան խոսակցություններն Արթուր Ալեքսանյանի՝ քաղաքապետ դառնալու վերաբերյալ, ու թեպետ օրեր շարունակ ըմբիշի կամ նրա հոր հետ կապ հաստատելու լրագրողական բոլոր փորձերն ապարդյուն են անցել, այնուամենայնիվ, երեկ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայության ղեկավար Կարեն Գիլոյանը, մեկնաբանելով լուրը, «Առավոտին» փոխանցել էր Արթուր Ալեքսանյանի խոսքը. «Դա անհեթեթություն է, քանի որ ես պատրաստվում եմ 2021 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին և որևէ այլ բանի մասին չեմ մտածում»:
Ուշագրավ իրավիճակ է ստացվում, որովհետև ըմբիշն անհեթեթություն է որակում այն լուրը, որը քաղաքական իշխանության մակարդակով չի հերքվում, համենայն դեպս, անհեթեթ է որակում պրոցեսները, որոնց անմիջական մասնակիցն է ինքը, ու որքան էլ Ալեքսանյանը հերքի, փաստ է, որ նա այդ հարցով ամիսներ առաջ եղել է Կառավարությունում, ու այն, որ Գյումրու տոնի օրը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ու Շիրակի նախկին մարզպետ, ներկայիս պատգամավոր Կարեն Սարուխանյանը հենց այդ հարցով են հանդիպել նրա հետ, նույնպես չի հերքվել:

«Աղաջանյանի՝ Գյումրի գալու և Արթուր Ալեքսանյանի հետ հանդիպելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ «Այո, եղել է Աղաջանյանը, հանդիպել ենք էլ, իսկ Արթուրի մասով՝ Արթուրը մեր ընկերն է, ինքը մեր հպարտությունն է»,- ասաց Սարուխանյանը։

Դիտարկմանը, թե ասում են՝ իրենց ու մեր «հպարտությունը» վաղը կարող է դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սրտի թեկնածուն, Սարուխանյանն ասաց․ «Դե հիմա, էն եմ ասում, որ, եթե որևէ նմանատիպ որոշում լիներ, ես կասեի, բայց, օրինակ, հեչ վատ չէր լինի, եթե հենց Արթուրը լիներ»։

Ապա նշեց, որ Արթուր Ալեքսանյանի հետ զրուցել են իր անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքների մասին»,- գրել էր «Հրապարակը»:

Ստացվում է՝ Արթուր Ալեքսանյանը երկակի խաղ է խաղում, որովհետև մի կողմից՝ քաղաքապետի՝ իշխանության թեկնածուն դառնալու իր համաձայնությունը, ինչպես փաստում են մերձիշխանական մեր աղբյուրները, նա տվել է, մյուս կողմից էլ՝ երեկվա հայտարարությամբ «գցում է» նրանց, որովհետև մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր ամիս նա իրեն ապահովագրում է: Եթե խոսքն օլիմպիական խաղերին պատրաստվելու մասին է, ու մինչև խաղեր ըստ էության ակնարկվում է իրեն չանհանգստացնել, օլիմպիական խաղերը տեղի են ունենալու հաջորդ տարի օգոստոս-սեպտեմբերին: Եթե իշխանությունները քայլ անեն մինչ այդ, դա կնշանակի՝ չեմպիոնին շեղել իր բարձրագույն սպորտային նպատակից: Այսինքն՝ փաստացի վերջինիս մասնակցությունն անհնարին կդառնա: Օլիմպիադայից հետո էլ քաղաքապետ դառնալու հնարավորությունն է ռիսկային դառնում, քանի որ ժամանակ չի մնում առաջադրվելու ու քարոզարշավ անցկացնելու համար: Մի հանգամանք ևս. Փաստորեն, ողջ Գյումրին պետք է սպասի, որ Արթուր Ալեքսանյանը կրկին դառնա օլիմպիական չեմպիոն, որ առաջադրվի՝ որպես քաղաքապետի թեկնածու: Իսկ եթե չդառնա՞…

Ի դեպ, այս օրերի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ գյումրեցիները չեն ուզում, որ Արթուր Ալեքսանյանը դառնա Գյումրիի քաղաքապետ. ոչ թե՝ որովհետև չեն սիրում նրան, այլ, ինչպես կարմիր թելի նման անցնում էր գրառումներում, չեն ուզում, որ նա ևս «փչանա»՝ դառնալով իշխանությունների խաղի մասնակիցը:

Մինչ անվանի ըմբիշը կհասկանա՝ ինչպե՞ս անել, որ և՛ ոչխարները կենդանի մնան, և՛ գայլը կուշտ լինի, Գյումրիից այս գործընթացների վերաբերյալ 168.am-ին ուշագրավ տեղեկություններ հասան:

«Արթուր Ալեքսանյան «պրոյեկտն» առաջ է տանում գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ Կարեն Սարուխանյանի հետ միասին: Վերջինիս այս պահին շատ մեծ գումարներով հովանավորում է Բալասանյանի ավագ որդին՝ Միքայել Բալասանյանը»,- ասաց Գյումրիի մեր աղբյուրը՝ նշելով, որ դա երկուստեք փոխշահավետ «համագործակցություն է»:

Ըստ նույն աղբյուրի՝ ողջ Գյումրին տեղյակ է, որ Արթուր Ալեքսանյանը մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ է, ինչպես նաև բիզնես հետաքրքրություններ ունի Ֆրանսիայում հայտնի գյումրեցի «հեղինակություն», հանգուցյալ Բենո Ռոստովսկու կամ Բենիկ Խաչատրյանի եղբոր ընտանիքի հետ:

«Այդ ընտանիքը Գյումրիում շատ ազդեցիկ ընտանիք է: 3 որդի ունեն: Ալեքսանյանը մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ է նրանցից Տիգրանի հետ: Նրանք Գյումրիում շատ մեծ ռեստորանային համալիր ունեն՝ «Տիգրան Մեծ», և այլ բիզնեսներ: Եղբայրների հայրն էլ իր հերթին՝ Սամվել Բալասանյանի մտերիմ ընկերն է»,- ասաց մեր աղբյուրը՝ նշելով, որ նպատակն Արթուր Ալեքսանյանին քաղաքապետ դարձնելն է, բայց քաղաքի փաստացի իշխանությունը կշարունակի հանձնված լինել Սամվել Բալասանյանին, ու դրանում որոշակի ներգրավվածություն կունենա նաև վերոնշյալ Խաչատրյան ընտանիքը:

Ի դեպ, այդ ռեստորանի գովազդային դեմքը հենց Ալեքսանյանն է, ով շատ նկարներ ունի նշված ռեստորանում:

Գյումրիում պտտվող խոսակցությունների համաձայն՝ երբ օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո Արթուր Ալեքսանյանին հնարավորություն տրվեց բիզնեսով զբաղվել, և նա սկսեց թռչնամիս ներկրել Հայաստան, ու այդ թեմայով անգամ կոնֆլիկտ ունեցավ իշխանությունների «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանի հետ, որը, բնականաբար, իր օգտին լուծվեց, Խաչատրյան ընտանիքը նույնպես մասնաբաժին է ունեցել այդ բիզնեսի մեջ:

Մեզ ասացին, որ այս թեկնածությունը միանշանակ չի ընդունվել նույն իշխանությունների տարբեր թևերի կողմից: Օրինակ, մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկերն է ու նույնպես սորոսական, իր թեկնածուն ունի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  Վեհարանը գրաված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամ Ղարիբ Հարությունյանը:

ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էլ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմից է, ինքն է ցանկանում դառնալ Գյումրիի քաղաքապետ:

Կարճ ասած՝ այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի, բայց ամեն դեպքում Արթուր Ալեքսանյանին քաղաքապետ դարձնելու նպատակով գործընթացներն ու բանակցություններն այս պահին էլ են ընթացքի մեջ, որքան էլ որ ինքը՝ աշխարհահռչակ ըմբիշը, դա հերքի:

Տեսանյութեր

Լրահոս