Փնտրվում է Գյումրիի քաղաքապետի թեկնածու
Այսօր ԶԼՄ-ում տեղեկատվություն հրապարակվեց, որ «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, օրերս որոշում է կայացվել, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու 2021 թվականին առաջադրեն գյումրեցի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին («Սպիտակ արջ»)»:
Նշվում էր, որ մի քանի օր առաջ նրան հյուրընկալել են կառավարությունում և հայտնել այդ մտադրության մասին։ Նաև խոստացել են առաջիկայում ըմբշամարտիկի անունով մարզադպրոց բացել։
Լուրը շտապեց հերքել ըմբշամարտիկի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը՝ Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության միջոցով փոխանցելով.
«Հայտնում եմ, որ շրջանառվող լուրերն ամբողջությամբ ապատեղեկատվություն են։ Կոչ եմ անում չշահարկել Արթուր Ալեքսանյանի անունը էժան փիարի համար»:
Այս լուրերը բոլորովին էլ դատարկ տեղը ծնված լուրեր չեն. իշխանությունները լրջորեն պատրաստվում են 2021 թվականին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին:
Մի քիչ տարօրինակ ոգևորություն է, իհարկե, որովհետև դեռ հայտնի չէ, թե առհասարակ երկրում ի՞նչ քաղաքական իրավիճակ կլինի, և այդ ընտրությունները տեղի կունենա՞ն, թե՞ ոչ:
Ամեն դեպքում իշխանությունները փնտրտուքների մեջ են:
Իսկ ինչո՞ւ են փնտրում, ու չունեն արդեն իսկ որոշված նախընտրելի թեկնածու, պատճառը շատ պարզ է. իշխանություններին Գյումրիում պետք է վարկանիշ ունեցող թեկնածու, ով ընկալելի կերպար կլինի առհասարակ գյումրեցիների համար, քանի որ արդեն իսկ հասկացել են, որ իրենց զրոյական վարկանիշը Շիրակի մարզում և, մասնավորապես, Գյումրի քաղաքում կարող է փոքրիշատե փրկել գյումրեցիների համար ընդունելի որևէ անձնավորություն:
Իշխանությունների շտապողականությունը պայմանավորված է, ի դեպ, մի քանի հանգամանքով ևս: Նրանք շատ լավ հասկանում են, որ կառավարության գործունեությունից հասարակության դժգոհություններն այնքան շատ են, որ կարող է սոցիալական ընդվզում առաջանալ: Իսկ այդ դեպքում իշխանությունները մտահոգ են, թե հնարավոր է՝ քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրի «Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ով բավական բարձր վարկանիշ ունի մարզում և Գյումրիում, և կամ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով, այնուամենայնիվ, ունի որոշակի ընտրազանգված:
Եվ այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ քննարկվել է 3 անուն՝ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյան, Երևանի ներկայիս փոխքաղաքապետ, Գյումրու դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյան և «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման առաջնորդ, Երևանի Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյան:
Վերջինիս թեկնածությունն առաջադրելու մտքից իշխանությունները շատ արագ հրաժարվել են, որովհետև հպանցիկ կոնսուլտացիաների արդյունքում անգամ պարզ է դարձել, որ նա այն անձը չէ, ում խոսքը կարող է ազդեցիկ լինել Գյումրիում ու հարց լուծել: Նրա նկատմամբ դրական վերաբերմունքի խնդիր կա Գյումրիում:
Տիգրան Վիրաբյանի մասին՝ որպես Գյումրիի քաղաքապետի՝ իշխանությունների նախընտրած թեկնածուի, խոսում էին դեռևս մեկ տարի առաջ, երբ խոսք էր գնում այն մասին, որ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը վայր է դնելու իր լիազորությունները: Լուրերն այնքան ակտիվ էին, որ իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ նա հերքեց դրանք՝ նշելով. «Վերջին ամիսներին մամուլը հասցրեց ինձ նշանակել Շիրակի մարզպետի պաշտոնում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնում, հիմա էլ «նշանակում է» Գյումրու քաղաքապետի պաշտոնում։ Հիշեցնում եմ սիրելի լրագրող գործընկերներիս՝ անցած տարվա հոկտեմբերից ի վեր ամբողջ ուժով լծված եմ Երևանի քաղաքապետի տեղակալի պատվաբեր ու պատասխանատու պաշտոնից բխող աշխատանքին»:
Մեր տեղեկություններով՝ Տիգրան Վիրաբյանին կրկին առաջարկվել է մասնակցել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին՝ որպես իշխանական թեկնածու, սակայն վերջինս իշխանությունների հետ համաձայնության չի եկել, մասնավորապես, նաև քաղաքի կառավարման հարցերի շուրջ, և մերժել է առաջարկը: Ըստ մեր աղբյուրների՝ Վիրաբյանը հասկացրել է, որ առկա բյուջեով հնարավոր չէ արդյունավետ կառավարել Գյումրին, առնվազն պետք է կրկնապատկել քաղաքի բյուջեն:
Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, չի բացառվում, որ իշխանություններն իրոք նրան դիտարկած լինեն՝ որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտնի մարզիկ է, գյումրեցիները սիրում են նրան, և միգուցե իշխանությունների փոշիացած վարկանիշը փրկելու գործում կարող է հաջողել, սակայն Ալեքսանյանն ինքը, լինելով գյումրեցի ու շատ լավ իմանալով Գյումրիի սոցիալ-տնտեսական վիճակը, պետք է լավ մտածի՝ արժե՞ մտնել այդ ծանր լծի տակ, թե՞ ոչ: Նա այսօր է սիրված մարզիկ, ով գյումրեցիների գլխի վրա տեղ ունի, սակայն կարող է դառնալ ձախողած քաղաքապետ ու կորցնել այն սերը, որ իր համաքաղաքացիները տածում են նրա հանդեպ:
Չէ՞ որ, եթե հիմա Սամվել Բալասանյանը երբեմն երևի թե նաև իր անձնական միջոցների հաշվին ինչ-որ բան անում է քաղաքի համար, Արթուր Ալեքսանյանը կամ նշված թեկնածուներից որևէ մեկը դա չի կարողանալու անել օբյեկտիվ պատճառներով: Այնպես որ, չի բացառվում, որ Արթուր Ալեքսանյանին էլ կբացատրեն, որ որքան էլ գայթակղիչ լինի քաղաքապետ լինելու հեռանկարը, նա կարող է ավելի շատ կորցնել, քան գտնել:
Այս պատմության մեջ մի եզրահանգում է շատ ուշագրավ, այնուամենայնիվ, այն, որ գործող իշխանությունները չեն կարողանում գտնել Գյումրիի քաղաքապետի նախընտրելի թեկնածու: Իսկ Շիրակի մարզում և Գյումրիում հասունանում է սոցիալական դժգոհությունների մեծ ալիքը: