Տավուշյան մարտերից հետո Արցախյան հիմնահարցը կանգնած է միանգամից մի քանի մարտահրավերների առջև․ վերլուծաբան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին հայտնել է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախյան հարցի լուծման հնարավորությունը շատ ցածր հավանականություն ունի, ավելին՝ անհնար է։

«Դրա համար մեր բանակի հզորացման շնորհիվ պարտադրել հակառակորդին հաշվի նստել արցախյան հայկական ուժի հետ, ստատուս-քվոն պահպանել մինչև աշխարհաքաղաքական մեծ զարգացումներ, որը հնարավոր է՝ բերի ղարաբաղյան խնդրի ինչ-որ ժամանակավոր, ոչ թե ժամանակավոր, գոնե մասնակի լուծման: Ամբողջական լուծում հնարավոր չէ, Կոսովոն էլ ամբողջապես լուծված չէ, բայց գոնե ինչ-որ առումով լուծված է այդ ամենը»,- ասել էր նա:

Ա․ Հարությունյանը նաև խոսել է ղարաբաղյան բանակցությունների մասին՝ ասելով, որ այն տարբերակները, որոնք քննարկվում էին նախկինում` Հայաստանի նախկին իշխանությունների օրոք, երկուսն էին խոշոր հաշվով: Երկու տարբերակ էր քննարկվում. մեկի համաձայն, ըստ Արայիկ Հարությունյանի, հայկական կողմը պետք է Ադրբեջանին վերադարձներ հինգ շրջան, մյուսի համաձայն` յոթ շրջան:

«Մադրիդյան սկզբունքներում, այո, հստակ կար երկու առաջարկություն. 5 շրջան` ինչ-որ անորոշ կարգավիճակով, հետագայում ոչ թե՝ հանրաքվե, այլ՝ պլեբիսցիտի տարբերակով, դա հանրաքվե չէ, հանրաքվեի թույլ տարբերակ է` առանց հստակեցնելու… մի տարբերակը դա է եղել քննարկվող: Մյուսը` կարծես թե 7 շրջան, ինչ-որ միջանցք, Ղարաբաղի անկախության ճանաչում, բայց ոչ Ադրբեջանի կողմից: Այսինքն` էլի ոչ վերջնական: Բայց… կարևորը մեր անվտանգությունն է: Իսկ նման պարագայում մեր անվտանգությունն ավելի խոցելի է դառնում: Այդ առումով մենք այսօր չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնի Արցախի անվտանգության աստիճանը»,- նշել է նա։

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն իր հերթին ասել է, որ այդ փաստաթղթերը, կարելի է ասել, կամ առաջարկներն ավելի շուտ մնացել են անցյալում, բայց որն է արդիական, որ պետք են նոր առաջարկներ, նոր մոտեցումներ, որ մենք կարողանանք առաջ տանել այս գործընթացը:

Սակայն, ինչպես հայտնի է, 2019 թվականին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ինտենսիվորեն հանդիպում էին և քննարկում-բանակցում կարևոր հարցեր, ավելին, ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ապրիլյան հայտարարության, նրանք քննարկում էին փուլային կարգավորում ենթադրող ռուսական առաջարկները, որոնք սեղանին էին դրվել 2019 թվականին Մոսկվայում։ Նկատելի է, որ Լավրովի հայտարարությունների բովանդակությունը փոխվել է տավուշյան մարտերից հետո։

Օրերս ՄԳԻՄՕ-ի ուսանողների առաջ ունեցած ելույթում նա նշել է, որ առաջարկներ են հնչում՝ գործընթացը սկսել մաքուր էջից կամ զրոյից, ինչը նա ակնարկել է՝ որպես անընդունելի քայլ, քանի որ, նրա որակմամբ, արդեն իսկ առկա փաստաթղթերում կան արդարացի կարգավորում ենթադրող լուծումներ։

Նա ըստ էության քննադատել է նման առաջարկներով հանդես եկող կողմերին։ Տավուշյան մարտերից հետո աննախադեպ դերակատարություն է փորձում ստանձնել նաև Թուրքիան՝ փորձելով դիրքավորվել՝ որպես հակամարտության կողմ, նոր մարտահրավերների առջև կանգնեցնելով թե ռուսական համանախագահությանը, և թե հայկական կողմերին։

168am-ի հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտն ասաց, որ ողջ 2019 թվականի ընթացքում կողմերը քննարկումներն ըստ էության իմիտացրել են, քանի որ պատրաստ չեն եղել այդ փաթեթների շրջանակում որևէ լուծման, և երբ իրավիճակը հասունացել է այնքան, որպեսզի այդ ամենը բարձրաձայնվի, կողմերը դրանցից սկսեցին հրաժարվել՝ առաջարկելով նոր փաթեթ և նոր առաջարկներ մշակել, քանի որ արդեն իսկ հայտնի փաթեթները, որոնք ենթադրում են երկուստեք զիջումներ, ցավոտ լուծումներ, ընդունելի չեն։

«Արցախի դիրքորոշումն այստեղ առանցքային է, որից ուրվագծվում է ավելի հստակ դիրքորոշում, ինչը, իհարկե, բարդացնում է բանակցությունների հեռանկարը։ Դժվար է պատկերացնել, թե ինչ հունով են գնալու ապագա բանակցությունները և ինչի շուրջ, ինչպես է հաջողվելու այս սուր դիրքորոշումներով խաղաղ գործընթաց ապահովել»,- ասաց նա։

Նրա որակմամբ՝ մեկ այլ վտանգ էլ իրենից բանակցային գործընթացի համար ներկայացնում է Ռուսաստան-կողմեր տարաձայնությունները բանակցային բովանդակության վերաբերյալ, որովհետև ՌԴ-ն ամենաակտիվ միջնորդն է նույնիսկ հակամարտության ամենաբարդ փուլերում։

«Մեկ այլ մարտահրավեր Թուրքիայի նոր քաղաքականությունն է, որի հետ ևս պետք է առնչվի Ռուսաստանը։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում նոր բացասական իրողություններ են հայտնվել Արցախյան հակամարտության համար, ինչը կողմերի համար մանևրելու հնարավորությունները նեղացնում է, խաղաղ բանակցային գործընթացը դնում վտանգի տակ ու մեծացնում էսկալացիայի ռիսկը»,- ասաց Ստյուարտը։

Հարցին, թե ի՞նչ կարող են քննարկել Մնացականյանն ու Բայրամովն առաջիկա հանդիպման ժամանակ, փորձագետը պատասխանեց՝ ասելով, որ Լավրովի հայտարարությունն արդեն կանխորոշել է այն, որ պետք է առողջացնել միջավայրը։ «Սակայն, կարծում եմ՝ առաջիկա քննարկումները ծավալվելու են հնի և նորի շուրջ, պետք է բանակցային գործընթացի շրջանակում հստակեցվի, սկսում են իսկապես մաքուր էջից, որքանով է դա հնարավոր, թե շարունակում են բանակցել արդեն իսկ առկա փաթեթները կատարելագործելու շուրջ։ Ես այսպես եմ պատկերացնում»,- նման տեսակետ հայտնեց փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս