«Բացառվում է՝ երկրում թույլ տամ երկիշխանություն, սահմանադրությամբ լիազորություններն ամբողջությամբ իրականացնում եմ». Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի գործոնի մասին
Նախագահի ապարատի ուռճացում չի լինելու, պլանավորում ենք հունվարի 1-ից կրճատել ավտոմեքենաների քանակը, անիմաստ ծախսերի օպտիմալացում ենք անելու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ավելացրել են Տարածքային կառավարման նախարարության անձնակազմը, քանի որ այդ ոլորտի բարեփոխումներ պետք է իրականացվեն, կառավարման մոդելը պետք է փոխվի:
Ինչ վերաբերում է տարածվող լուրերին, թե Արցախում հնարավոր է երկիշխանություն ստեղծվի՝ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի գործոնը, Արայիկ Հարությունյանը շեշտեց. «Բացառվում է՝ երկրում թույլ տամ երկիշխանություն, բացառվում է, սահմանադրությամբ լիազորություններն ամբողջությամբ իրականացնում եմ: Անվտանգության խորհրդի աշխատողների քանակի ավելացման առաջարկությունը եղել է իմ կողմից, խորհրդի հանձնարարականները տալիս եմ ես: Ծավալուն հանձնարարականներ եմ տվել՝ սկսած պետական կառավարման համակարգի օպտիմալացման, տարբեր ծառայությունների արդյունավետության, ռազմավարական ծրագրերի ուսումնասիրման և քննարկման վերաբերյալ: Քանի որ երկրի նախագահը միանձնյա ղեկավար է, խորհրդատվական մարմին է լինելու նաև Անվտանգության խորհուրդը, որպեսզի շատ հարցերում զսպող մեխանիզմը, գործիքը լինի»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի՝ Արցախ և առաջնագիծ հաճախակի ու համատեղ այցերին, խորհրդակցություններին, Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ դա PR-ի համար չի արվում:
«Կոնկրետ քայլեր, առաջարկություններ, աշխատանքներ են կատարվում: Այն, ինչ տեսնում եք, սնունդ, հագուստ, ջրամատակարարում, դա հասանելի է, ամեն օր ամրապնդվում է մեր առաջնագիծը, փոխվում է բանակի սպառազինության աստիճանը, ամեն օր հզորանում և ուժեղանում է մեր բանակը»,- շեշտեց Արցախի ղեկավարը: