«Արցախում ունենալու ենք Հայաստանի որակի և Հայաստանի գնի բջջային կապ». Արցախի նախագահ

«Ղարաբաղ տելեկոմի» հետ մենաշնորհային պայմանագիրը կնքվել է 2002 թվականին՝ 30 տարի ժամկետով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Իմ պետնախարարի պաշտոնում պաշտոնավարման վերջին օրերին 3 նամակ եմ գրել «Յուքոմի» տնօրեն Հայկ Եսայանին, «ՄՏՍ Հայաստան»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և «ՎԵՈՆ Արմենիայի» տնօրեն Պյատախինին: Հրավիրել եմ Արցախում կապի ոլորտում ծառայություններ մատուցելու ուղղությամբ: Երկուսից բացասական պատասխան ենք ստացել, իսկ «Յուքոմը» նույնիսկ չի էլ պատասխանել: Նոր օպերատորը, որը հայկական չի լինի, որևէ առավելություն Արցախին չի տալու, հակառակը՝ ունենալու ենք ավելի մեծ խնդիրներ:

Իմ հրաժարականից օրեր առաջ եղել եմ Լիբանանում, հանդիպել եմ «Ղ տելեկոմի» միակ սեփականատեր Պիեռ Ֆատուշի հետ: Համատեղ մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը թույլ է տալու Արցախում ունենալ բարձրակարգ կապ և մատչելի սակագներ: Ես հայտարարել եմ, որ ունենալու ենք Հայաստանի կապին համարժեք կապ: Վաղվանից 7 օրվա մեջ Արցախի հիմնական  տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ, իսկ Ստեփանակերտում և մյուս խոշոր բնակավայրերում 4G համակարգ նախատեսվում է արդեն հաջորդ տարի: Ինչ վերաբերում է սակագներին, ապա Արցախում լինելու է Հայաստանի որակի և Հայաստանի գնին համապատասխան կապ: Գների նվազումը լինելու է սահուն. առաջին նվազեցումը կլինի հունվարի 1-ից, երկրորդը՝ հունիս-հուլիսին, իսկ 2022-ի հունվարի 1-ից ունենալու ենք արդեն Հայաստանի գներին համապատասխան կապ՝ անկախ նրանից, թե կլինի՞ նոր օպերատոր, թե՞ չի լինի, սա մեր որոշումն է»,- վստահեցրեց  Արայիկ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս