«Ուժային բոլոր կառույցների ծառայողները պետք է տիրապետեն տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին, և առաջին անհրաժեշտության դեպքում համալրեն ՊԲ շարքերը». Արայիկ Հարությունյան
Հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակներն արդեն հաջողությամբ կիրառվում են նաև Արցախում: Պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանը հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա վերահաստատեց՝ անվտանգության ապահովման և բանակի համար ֆինանսներ չեն տնտեսվելու:
«Խաղաղությունը պարտադրվելու է բանակի հզորացմամբ: Ժամանակակից զինտեխնիկայով և սպառազինությամբ բանակի համալրումը կլինի շարունակական: Ուժային բոլոր կառույցների ծառայողները պետք է տիրապետեն տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին, և առաջին անհրաժեշտության դեպքում համալրեն ՊԲ շարքերը: Խոսքը բոլոր ուժայինների մասին է՝ Ազգային անվտանգություն, Ոստիկանություն, փրկարար ծառայության, այդ թվում՝ թիկնապահների ծառայությունները, որոնք ի պաշտոնե կան: Բոլորի գերխնդիրը բանակն է, մեր սահմանը»,- նշեց Արցախի ղեկավարը:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ից պահեստազորի բոլոր սպաները, արցախյան պատերազմի մասնակիցները և Հայրենական Մեծ պատերազմի վետերանները կարող են անվճար օգտվել Արցախի և ՀՀ-ի բուժհաստատությունների ծառայություններից: