Բաժիններ՝

Նոբելյան մրցանակի 80-ից ավելի դափնեկիրներ պաշտպանել են Բայդենին ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում

Ավելի քան 80 ամերիկացի գիտնականներ՝ ֆիզիկայի, քիմիայի եւ ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պաշտպանել են Ջոզեֆ Բայդենի թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում: Այդ մասին ասված է գիտական հանրակցության ներկայացուցիչների՝ սեպտեմբերի 2-ին հրապարակված նամակում, որի տեքստը մեջբերում է CNN հեռուստաընկերությունը:

«Մեր ղեկավարներն ինչպես երբեք պետք է հասկանան գիտության արժեքը պետական քաղաքականությունը ձեւակերպելիս,- նշված է նամակում:- Ժողովրդին իր ծառայության շատ տարիների ընթացքում Ջո Բայդենը մշտապես ցուցաբերել է ցանկություն անսալու մասնագետներին, գիտահետազոտական մշակումների գործում միջազգային համագործակցության կարեւորության ըմբռնում եւ հարգանք մեր երկրի մտավոր կյանքում ներգաղթյալների ավանդի նկատմամբ»:

CNN-ը նշել է, որ Բայդենի պաշտպանության այդ նամակը կազմելու նախաձեռնող է դարձել ֆիզիկոս եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ (Իլինոյսի նահանգից) դեմոկրատ Բիլ Ֆոսթերը: Ուղերձն ստորագրել են, մասնավորապես, Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Հարոլդ Վարմուսը, որը ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բագավառում Նոբելյան մրցանակ է ստացել «ռետրովիրուսային օնկոգենների բջջային բնույթի հայտնագործության» համար, ինչպես նաեւ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր կենսաքիմիկոս Ռոջեր Քոռնբերգը, որը մրցանակով է պարգեւատրվել 2006 թվականին բջիջների կողմից գենետիկական ինֆորմացիայի պատճենման մեխանիզմի հետազոտության համար:

Բացի դրանից, տեքստի տակ իրենց ստորագրություններն են դրել ֆիզիկոս Բարրի Բերիշը, որը Նոբելյան մրցանակի է արժանացել 2017 թվականին գրավիտացիոն ալիքների փորձարարական գրանցման համար, եւ 2009 թվականի դափնեկիրներ Էլիզաբեթ Բլեքբեռնը եւ Քերոլ Գրեյդերը, որոնք հայտնաբերել են «քրոմոսոմների պաշտպանության մեխանիզմը տելոմերների եւ տելոմերազի կողմից»: ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Ընտրություններում Բայդենի մրցակիցը կդառնա Սպիտակ տան գործող ղեկավար հանրապետական Դոնալդ Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս