«1991 թվականի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով:
Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«1991 թվականի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Շնորհավորում ենք պատմական այս օրվա առիթով՝ Ազատ Արցախ»,- նշել է ՀՀ վարչապետը։
Արցախի Հանրապետությունը 29 տարեկան է: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Այդպիսով, իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքով, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:
1991թ. դեկտեմբերի 10-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: