«Աշխարհազորը կարող են օգտագործել շենքեր շրջափակելու, ցույցեր ցրելու համար, ինչը զինուժի կիրառում չի համարվի. Օրենքով պետք է դա արգելել». Արտակ Զաքարյան

Օգոստոսի 25-ին Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ դրեց «Պաշտպանության մասին»  ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ մարտական գործողությունների, ռազմական անմիջական սպառնալիքի դեպքում գործելու է աշխարհազորը, որը կազմված է լինելու մինչև 70 տարեկան անձանցից, և նրանց  զենքն ու սպառազինությունը կոնկրետ բնակավայրում բաժանվելու են աշխարհազորում կցագրված քաղաքացիական անձանց, եթե մարտական գործողություններ  սկսվեն:

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հանրային քննարկման դրված նախագծին, նշեց, որ աշխարհազորի ստեղծման գաղափարն ամբողջությամբ տեղավորվում է Ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում։

«Գաղափարը դեռ շատ վաղուց էր քննարկվում։ Երբ ես պաշտպանության փոխնախարար էի, այն ժամանակ զբաղվում էի այդ հարցով։ Այն ժամանակ մենք ուսումնասիրեցինք 9 երկրի փորձ՝ Իսրայել, Իրան, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա և այլն, սրանք այն երկրներն են, որոնք ունեն պահեստազորի հաջողված փորձ։ 2018 թվականին էլ Կառավարությունն ընդունեց որոշում՝ ակտիվ պահեստազոր ունենալու  մասին։ Այդ որոշումը վերաբերում էր մասնագիտական ներուժ, պատերազմական իրավիճակներում պաշտոնների կցագրում ունեցող անձանց ներգրավմանն ու մասնակցությանը Զինված ուժերի գործողություններին և միջոցառումներին։ Աշխարհազորի հետ կապված դեռևս մեր ժամանակ արդեն իսկ դրված էին  սահմանամերձ 35 համայնքներում պատերազմական իրավիճակներում զինվորական կցագրում չունեցող անձանց համար պատաստված մոդելներ։ Առհասարակ, Զինված ուժերի զարգացման վերջին 5 տարվա բազմաթիվ ծրագրեր և աշխատանքներ իրականացվում են Ազգ-բանակ կոնցեպտի համատեքստում։

Օրինակ՝ այս աշխարհազորն ինչ է, Ազգ-բանակ չէ՞, կամ մի՞թե Ազգ-բանակ չէ ակտիվ պահեստազորը, կամ Զինծառայողների հիմնադրամի գործունեությունը։ Սրանք բոլորն էլ Ազգ-բանակ  են, իսկ եթե մարդիկ կան, որոնք մտածում են, որ Ազգ-բանակը պետք է դասագրքի նման գրված լինի,  իրենք էլ կարդան, ծանոթանան, ապա նման բան չկա, Ազգ-բանակը  քրեստոմատիա չի։ Մեծ հաշվով՝ այս աշխարհազորի ստեղծումը 2018 թվականի մեր վարած քաղաքականության և ռազմավարության շարունակությունն է, իսկ, ընդհանուր առմամբ, ոչինչ էլ ռազմավարության  և քաղաքականության մասով չի փոխվել»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ շեշտելով, որ ինչ էլ քաղաքականության և ռազմավարության մեջ փոխվել է, ապա միայն փոխվել է դեպի վատը։

Ըստ Զաքարյանի՝ աշխարհազորի մասին օրենքի նախագծում պետք է շատ հստակ ամագրված լիներ երկու կարևոր դրույթ, ինչը, սակայն, արված չէ, իսկ եթե այդպես էլ հանրային քննարկման ավարտին այդ երկու կարևոր դրույթները չամրագրվեն, ապա կարող ենք արձանագրել, որ աշխարհազորի մասին փոփոխությունները «Պաշտպանության մասին»  օրենքում ընդունվել են բոլորովին այլ նպատակով։

«Օրենքում պետք է ֆիքսել, որ այս աշխարհազորը որևէ քաղաքական գործընթացի չի մասնակցելու, որովհետև, եթե դա չի ֆիքսվում, ապա աշխարհազորը հանգիստ կարող են օգտագործել այլ պատրվակով և մասնակից կարող են դարձնել, ասենք, ընտրություններին՝ օգտագործելով որպես լծակ և վարչական ռեսուրս։ Աշխարհազորի տվյալ ստորաբաժանումը կարող է հանդես գալ ուժի դիրքերից, կարող է  բռնանալ տվյալ համայնքի բնակիչների կամ մի խումբ քաղաքացիների տեսակետների վրա, ուստի անհրաժեշտ է, որ օրենքով սահմանվի, որ այն քաղաքական որևէ գործընթացի չի մասնակցում։ Հակառակ դեպքում՝ եթե աշխարհազորի պաշտպանության տակ են պետական կարևորագույն օբյեկտները, իսկ այդպիսիք են համարվում նաև Ազգային ժողովի, Կառավարության շենքերը  և այլն, այդ պաշտպանության անվան տակ կարող է աշխարհազորը կիրառվել ընդդիմության ցույցերը ցրելու կամ ինչ-որ տարածք շրջափակելու համար։

Այս բացը կա այս նախագծում։  Երկրորդ կարևոր կետը,  որը պետք է հստակ ամրագրվի օրենքով, հետևյալն է՝ եթե «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն է արվում և մտցվում է աշխարհազոր եզրույթը և դառնում  Զինված ուժերի ստորաբաժանում, ապա պետք է այդ դեպքում աշխարհազոր եզրույթը փոխվի, համապատասխանեցվի ստորաբաժանման, իսկ եթե ստորաբաժանում չեն ասում, այլ նշում են, որ խոսքը վերաբերում է քաղաքացիական կյանքով  ապրող, բայց զինվորական գործառույթներ իրականացնող երևույթին, ապա պետք է դրան տալ հստակ սահմանադրական կարգավիճակ, որպեսզի գործողությունները տեղավորվեն իրավական տիրույթում։ Դիցուք՝ աշխարհազորին հանձնարարված է մի ջրամբարի  վերահսկողությունը, հիմա եթե այդ վերահսկողության արդյունքում ինչ-որ բան սխալ է արվում և հասցվում վնաս, սահմանադրական կարգավիճակ է պետք, որպեսզի իրավական գնահատական հնարավոր լինի տալ, հակառակ դեպքում դա անհնար կլինի։ Եթե այս կարևոր  դրույթները չեն ամրագրվում օրենքով, ապա, եթե ես լինեի վարչապետը, ես չէի խուսափի օգտագործել աշխարհազորը՝ քաղաքական շահերից ելնելով, որովհետև դա զորքի և զինուժի կիրառում չի համարվի օրենքով»,- ասաց Արտակ Զաքարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս