Սամուել Սևյանը հաղթեց Ջերմուկում անցկացված խոշոր մրցաշարում
Ամերիկահայ գրոսմայստեր Սամվել Սևյանը հաղթեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում, որն անցկացվեց Ջերմուկում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Սևյանը վաստակեց 5.5 միավոր հնարավոր 9-ից՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևին, որը նույնպես 5.5 միավոր վաստակեց։ Երրորդ տեղում է հնդիկ գրոսմայստեր Նիհալ Սարինը (5 միավոր):
Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին նաև գրոսմայստերներ Ռեյ Ռոբսոնը (ԱՄՆ), Արավինդ Չիտամբարամը (Հնդկաստան), Ալեքսանդր Դոնչենկոն (Գերմանիա) և Շիմոն Գումալարշը (Լեհաստան)։ Հայաստանը ներկայացնում էին ուժեղագույն գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը (7-րդ տեղ), Շանթ Սարգսյանն (5-րդ տեղ) և Արամ Հակոբյանը (6-րդ տեղ)։
Հիշեցնենք` Սամուել Սևյանը հուշամրցաշարում հաղթել էր նաև 2023 թվականին։
Սամուել Սևյանը գրոսմայստերի կոչման է արժանացել 13 տարեկան, 10 ամսական և 27 օրական հասակում՝ դառնալով այդ ժամանակվա ամենաերիտասարդ ամերիկացի գրոսմայստերը։ Նա նաև գերազանցել է ԱՄՆ-ի բոլոր տարիքային ռեկորդները՝ նվաճելով ազգային և միջազգային վարպետի կոչումներ։

