Բաժիններ՝

«Մեր դպրոցների շրջանավարտները պետք է նախ և առաջ ունենան ազգային նկարագիր»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դպրոցի դասասենյակում է ձևավորվում մեր երկրի ու ժողովրդի ապագան

Որքան էլ, որ կորոնավիրուսի համավարակը փոփոխություններ մտցնի մեր կյանքում, միևնույն է արմատացած ավանդույթներ կան, որոնց շրջանցել չի լինի և ճիշտ չէ: Սեպտեմբերի 1-ն իր էությամբ գիտելիքի, դպրության ու դպրոցի տոն է: Մեր ժողովուրդն այն արժևորել է, իր պատմության ողջ ընթացքում: Ազգային դպրոցը, ազգային դիմագիծ է: “Ես հայ եմ” հասկացությունն առանց Հայ Դպրոցի, մայրենի լեզվի, ազգային պատմության, մշակույթի, հոգևոր արժեքների, ընտանեկան և ավանդական հիմքերի իմացության՝ կեղծ է:

Ազգային արժեքները դպրոցից դուրս հանող, դրանց դերը նվազեցնող կառավարությունները ցանկանցել են կտրել Հայ տեսակի, Հայ մարդու ինքնության ու լինելիության ամատը: Դա չի հաջողվել ո՛չ թաթար-մոնղոլներին, ո՛չ օսմանցի թուրքերին, ո՛չ էլ սովետական իշխանություններին: Գլոբալիստներին ևս չի հաջողվելու:

ՀՀ կրթական համակարգը պետք է նպատակաուղղված լինի հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր ուրույն նպաստն է բերում նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Կրթության նպատակների իրականացման արդյունքում մեր ակնկալիքները շատ են և տարատեսակ: Իմ համոզմամբ, մեր դպրոցների շրջանավարտները պետք է նախ և առաջ ունենան ազգային նկարագիր: Լինեն ժամանակակից, գիտական, տեղեկատվական և տեխնոլոգիական նորամուծություններին լավ տիրապետող ազգային տեսակ: Կարողանան ՀԱՅ լինել, և Հայ մնալ ամեն ինչում: Դրա համար, հայկական յուրաքանչյուր դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ նախ և առաջ պետք է՝

ա) լինի մարդասեր, ազնիվ, հայրենասեր և պատասխանատվության զգացումով օժտված անհատ.

բ) ճանաչի իր հայրենիքը, տիրապետի մայրենի լեզվին, ընդունի այն արժեքները, որոնք սեփական ժողովրդի գոյատևման և առաջընթացի նախապայմանն են.

գ) ունենա գիտելիքները կյանքում ստեղծագործաբար կիրառելու, ինքնուրույն վերլուծելու, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և երևույթները գնահատելու ունակություն.

դ) ի վիճակի լինի դրսևորելու փոխադարձ ըմբռնում և հարգալից հարաբերություններ ինչպես տարեկիցների, այնպես էլ ծնողների, իրենից մեծերի ու փոքրերի հետ.

ե) իմանա հայ ժողովրդի և համաշխարհային պատմությունն ու ճանաչի ազգային մշակութային արժեքները, հայ եկեղեցին, իրազեկ լինի իր երկրի իրավական, տնտեսական և քաղաքական հիմքերին, գիտության և արվեստի նվաճումներին.

զ) մտահոգվի ազգային խնդիրների լուծմամբ և պատրաստակամություն դրսևորի հայրենիքին ծառայելու գործում, լինի ազգային ավանդույթների պահպանողն ու փոխանցողը.

Անշուշտ, այս ցանկն ամբողջական չէ, սակայն եթե վերոթվարկյալ որակների ուսուցումն ու դաստիարակությունը թերի է, ապա մենք ազգային դպրոց ու ՀԱՅ ՄԱՐԴ, Հայաստանի արժանի քաղաքացի դաստիարակելու գործում հանցավոր ենք, և հանցավոր ենք բոլորս:

Սիրելի ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ և ծնողներ, ձեր առաքելության մեջ մաղթում եմ անկոտրուն կամք, ասպառ էներգիա, ապագայի նկատմամբ լավատեսություն և մասնագիտական մեծ հաջողություններ՝ անչափ կարևոր գործում: Լավ ազգային դպրոց նշանակում է ամուր ընտանիք, մարտունակ բանակ, մրցունակ ԲՈՒՀ, զարգացող տնտեսություն, աշխույժ ժողովրդական դիվանագիտություն, առողջ սոցիալական հարաբերություններ և իհարկե լավ պետություն:

Շնորհավոր գիտելիքի օրը»:

ԴՊՐՈՑԻ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՊԱԳԱՆՈրքան էլ, որ կորոնավիրուսի համավարակը փոփոխություններ…

Gepostet von Արտակ Զաքարյան Artak Zakaryan am Dienstag, 1. September 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս