«Ինչո՞ւ նույն ոգևորությամբ չեն հավաքել նյութեր, որոնք ապացուցում են Ադրբեջանի հանցագործությունները 2016թ.». Լարիսա Ալավերդյան
«Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծումից մինչ Տավուշի դեպքերը, մեկ դիրքի գրավման համար այդ վերին աստիճանի ցնցող միջոցառումը ինչի՞ համար են արվել. համոզված եմ՝ ներքին քաղաքական խնդիրների համար՝ ապացուցելու, որ ապրիլյան պատերազմի ժամանակ չենք հաղթել, իսկ սա պանծալի հաղթանակն է նոր իշխանությունների: Այդ կարճատեսությունն ինձ շատ է անհանգստացնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Այդ հանձնաժողովի անդամների հայտարարությունները, հանձնաժողովի նախագահի վերջին հարցազրույցն ավելի քան պրիմիտիվ են՝ ներքին լոկալ կարճատև խնդիրները լուծելու համար, նման բան մենք դեռ չենք ունեցել մեր պատմության մեջ: Խնդիրը անձի մեջ չէ, ես դրա համար ազգանունը չեմ տալիս, խնդիրը հանձնաժողովը ստեղծելու մեջ է: Հանձնաժողովը ստեղծելուց առաջ էլ այն տարիներին այնպիսի մեղադրանքներ են հնչել, որ եթե կոշտ դրվածք լինի պետության մեջ, դրանք կարելի է հանցագործություններ համարել: Ես զարմանում եմ՝ ինչո՞ւ չեն նույն ոգևորությամբ հավաքել նյութեր, որոնք ապացուցում են Ադրբեջանի հանցագործությունները 2016թ.: Մենք պետք է հասկանանք, որ այդ օրերին տեղի ունեցածը գնահատել այն մեթոդներով, որը մեզ առաջարկվում է, ընդ որում՝ հրապարակվելու է ընտրովի, և հասկանալի է՝ ինչու, այսինքն՝ կա այն սուբյեկտիվության աստիճանը, որ չի դնելու այդ պատմության վերջնակետը, ավելին՝ նոր հարցեր է առաջացնելու»,- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ գործող իշխանությունների քաղաքականությունը հաջողություն չի բերելու. «Ես չեմ կարծում, որ դա միայն պրոֆեսիոնալիզմի պակաս է, ես համոզված եմ, որ իրենք ունեն ինչ-որ կորիզ իրենց քաղաքականության մեջ, որը ես համարում եմ սխալ: Ես տեսնում եմ նոր թնջուկ՝ տարօրինակ գաղափարների կամ քաղաքականությունների, այդ միկրո գաղափարների վրա, որի մասին ասաց վարչապետը, որ կարող են մեգասխալներով ավարտվել»:
Նրա գնահատմամբ՝ պատերազմի վտանգը միշտ է եղել, բայց գործող իշխանությունների բառապաշարն ու մտապաշարը գուցե սին, բայց հույսեր են առաջացրել Ադրբեջանի մոտ, որ իրենց ուզածը իրականացվելու է նոր իշխանությունների կողմից.
«Կապ չունի՝ նոր իշխանություններն ինչ են հոգու մեջ ուզում, այն, ինչ ի հայտ է եկել իրականության մեջ, սին հույսեր է առաջացրել Ադրբեջանի մոտ: Հույսերը չեն իրականացվել, և նրանք օր առ օր ուժեղացնում են իրենց բանակը, բայց իրենց բանակը կռվող բանակ չէ: Ինչ էլ լինի՝ մենք հաղթող ենք, բայց գինն է բարձր լինելու: Իրար հակասող հայտարարությունները, որոնք հնչում են Հայաստանի ղեկավարության կողմից, դրանք ուղղակի ավելի լարում են, ավելի կարող են գինը բարձրացնել: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք ոչ միայն դիմադրել, այլև անցնել ակտիվ գործողությունների»:
Անդրադառնալով այս օրերին ընթացող բողոքի ակցիաներին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին և նախարարի այն հայտարարությանը, թե ինքը հանդիպում է բոլորին, եթե կա օրակարգ, նա նշեց, որ դա նախարարի համար թեմա չէ.
«Հարցն այն է, որ իշխանության եկած անձինք մոռանում են, որ նրանք չէ, որ պետք է ընտրեն՝ ում հետ հանդիպեն, ում հետ՝ ոչ: Դա քաղաքացու իրավունքն է՝ պահանջել հանդիպում, և դու սիրում ես, օրակարգ կա, թե ոչ, նրանք չեն հասկանում: Իշխանության ներկայացուցիչները պետք է հանդիպեն ոչ թե նրանց հետ, որոնք իրենց օրակարգն են բերել, որը դյուրին է իրենց համար, այլ հենց նրանց հետ, ովքեր համաձայն չեն իրենց հետ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում