Բաժիններ՝

2 միլիոն 662 հազար եվրոյի դրամաշնորհն ու «Կրթության ազգային ինստիտուտ»-ի գործազուրկ դարձած հարյուրավոր աշխատակիցները

ԿԳՄՍ նախարարությունը Եվրոպական հանձնաժողովից կստանա 2 միլիոն 662 հազար 985 եվրո դրամաշնորհ (2,662,985.40 եվրո)՝ «ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի»/«EU4Innovation Project» ծրագրի իրականացման համար։

«ԵՄ-ն հանուն նորարարության. գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի ոլորտներում կրթության բարելավում» դրամաշնորհային փորձնական ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2020 թվականին:

Ծրագիրը միտված է լինելու նոր ստեղծվելիք «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ի (ԿԶՆԱԿ) կարողությունների հզորացմանը՝ ձևավորելով և ներդնելով դասավանդման որակի վրա ազդող մեխանիզմներ։

Այս դրամաշնորհով ծրագիր կիրականացվի նաև Տավուշի մարզում՝ մարզի հիմնական և միջնակարգ դպրոցներին ապահովելու համապատասխան լաբորատոր սարքավորումներով, գույքով և համակարգչային տեխնիկայով:

Ըստ գործադիրի ընդունած նախագծի՝ ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման գործընթացները տարիներ շարունակ իրականացրել է «Կրթության ազգային ինստիտուտ»-ը, որը, սակայն, ունեցել է սահմանափակ կարողություն՝ ձևավորելու ուսուցիչների մասնագիտական զարգացման առավել արդյունավետ մեխանիզմներ:

Բացի այդ, իրականացված այդ մեծածավալ վերապատրաստումների ազդեցությունը ուսուցչի պրակտիկայի և սովորողների կրթական վերջնարդյունքների վրա դեռևս կարիք ունի գնահատման, ուստի այս առումով «Կրթության ազգային ինստիտուտ»-ԿԱԻ-ի հիմքի վրա ստեղծվելու է նոր կառույց՝ վերցնելով և առավել կատարելագործելով նախկին որոշ գործառույթներ, ներդնելով նորերը:

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ը, որը ստեղծվելու է Կրթության ազգային ինստիտուտի հենքի վրա, պետք է իրականացնի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման գործառույթները։

Հիշեցնենք, որ Կրթության ազգային ինստիտուտը (ԿԱԻ), որը լուծում էր շուրջ 38 հազար ուսուցիչների վերապատրաստման խնդիրը, մշակում մեթոդաբանությունն ու իրականացնում մեթոդական աջակցություն, լուծարվեց դեռևս 2019 թվականին։

Լուծարվեցին նաև Կրթության ազգային ինստիտուտի տարածքային կառույցները:

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ Կրթության ազգային ինստիտուտի ներկա կարգավիճակը չի համապատասխանում այն առաքելությանը, որն այսուհետև ակնկալվելու է Կրթության ազգային ինստիտուտից՝ որպես կրթական ծրագրերի և ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգերի մշակման հարցերով զբաղվող ինստիտուցիոնալ կառույց։

Հավելենք, որ Կրթության ազգային ինստիտուտում կար մոտ 400 աշխատակից, և ավելի վաղ անդրադառնալով լուծարման արդյունքում գործազուրկ մնացած աշխատակիցների խնդրին, նախարարությունից հայտնել էին, թե նրանք մրցութային կարգով կկարողանան աշխատանքի ընդունվել «Կրթության ազգային ինստիտուտի» հենքի վրա ձևավորվող նոր կենտրոնում՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ում, որի կարողությունների զարգացման համար էլ նախարարությունը ստացել է 2 միլիոն 662 հազար եվրոյի դրամաշնորհ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս