Տնտեսության զորահավաքային պլանին վերաբերող նախագիծը համարվել է անհետաձգելի և ուղարկվել Ազգային ժողով
Պաշտպանության նախարարությունն անհետաձգելի է համարել «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունումը, որը վերաբերում է հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի հաստատմանը։
Կառավարությունը օգոստոսի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով նախատեսված օրենսդրական փոփոխությունների նախագիծն ընդունել և ուղարկել է Ազգային ժողով:
Նախագծով առաջարկվում է հստակեցնել, թե որ պետական մարմինն է հաստատելու տնտեսության զորահավաքային պլանը։
Հայաստանի Հանրապետությունում տնտեսության զորահավաք անցկացնելու պլանը մինչև 2015 թվականի ՀՀ Սահմանադրական փոփոխությունները հաստատվում էր ՀՀ նախագահի հրամանագրով, իսկ 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններից և ՀՀ կառավարության կարգավիճակի և լիազորությունների շրջանակի փոփոխություններից հետո այլևս նախագահը չէր կարող այդ պլանը հաստատել, և օրենսդրական դաշտում ի հայտ էին եկել մի շարք օրենսդրական բացեր, որոնք, թեև օրենսդրորեն կարգավորված չէին, բայց ունեն էական ռազմավարական նշանակություն։
Ուստի Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է օրենսդրական նախագիծ, որն էլ կարգավորում է այդ հարցերը. առաջարկում է սահմանել, որ հանրապետության տնտեսական զորհավաքային պլանները հաստատելու է այսուհետև ՀՀ կառավարությունը։
Նշենք, որ նախագիծը մշակել է Անվտանգության խորհրդի գրասենյակը:
Հիշեցնենք, որ զորահավաքը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների աշխատանքը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի, զինված ուժերը ու այլ զորքերը պատերազմական ժամանակ կազմակերպելու և կազմի փոխադրելու միջոցառումների համակարգ է: Զորահավաքը կարող է լինել ընդհանուր կամ մասնակի:
Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների պետական աջակցությունն իրականացվում է բյուջետային ֆինանսավորման գործիքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։