Բաժիններ՝

«Պանդեմիայի իրավիճակը մեծագույն հարվածը հասցրել է շինարարության, անշարժ գույքի ոլորտներին և մեծածախ ու մանրածախ առևտրին». Տիգրան Ջրբաշյան 

«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ հունիսին հրապարակված մակրոտնտեսության վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները կանախատեսում էին 2,3 տոկոս տնտեսական անկում։

«Այս պահին մշակում ենք հաջորդ եռամսյակի համար վերլուծությունը, որտեղ նախնական տվյալներով տնտեսական անկումը մեր գնահատականով կազմում է  4,3-4,5 տոկոս։ Նախորդ կանխատեսումն ու այսօրվա գնահատականների տարբերության պատճառն այն է, որ նախորդ կանխատեսման ժամանակ մենք ավելի շատ միտված էինք գնահատելու, որ իրավիճակն ավելի շատ կզարգանա, այսպես ասած, «յու շեյփթի»  տարբերակով։ Մենք կանխատեսում էինք ավելի մեծ անկում, այս տարվա երկրորդ եռամսյակի համար, քան իրականում եղավ։ Միևնույն ժամանակ կանխատեսում էինք ավելի արագ աճ, քան մենք այսօր ունենք։ Իրականությունն այլ է՝ մեզ մոտ անկումը երրորդ եռամսյակում եղավ ավելի նվազ և շարունակվեց երրորդ եռամսյակի որոշ մասում, ինչը ենթադրում է, որ այս «յու շեյփթի» կորի մասը մի քիչ ավելի բացվեց»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տիգրան Ջրբաշյանը։

Ըստ նրա` այս պահին բոլոր ոլորտներում՝պետական և մասնավոր, գրանցվել է միջին աշխատավարձի աճ։ Միաժամանակ կա սպառողական գների գրեթե մեռած իրավիճակ՝ նախորդ տարվա նկատմամբ սպառողական ինդեքսը կազմում է 101,1 տոկոս։

«Ամենամեծ խնդիրը, որն այսօր գոյություն ունի տնտեսության մեջ և որը շարունակվել է այս տարվա ընթացքում՝ ծառայությունների ոլորտում առկա 74,8 տոկոս ինդեքսն է՝ իրականում առանց առևտրի։ Շինարարության ոլորտում, իհարկե, ունենք խնդիրներ, սակայն վերջին ամիսների ընթացքում այդ ոլորտն առաջանցիկ վերականգնողական փուլում է գտնվում, բայց խնդիրն այն է, որ մենք ունեցել ենք խայտառակ իրավիճակ՝ ապրիլ-մայիս ամիսներին։

Ունենք նաև արդյունաբերական ծավալի խնդիր, որտեղ խնդիրը հիմնականում կապված է բազայի հետ, քանի որ նախորդ տարի հուլիսին Թեղուտի աշխատանքների վերականգնումը բերեց բավականին մեծ աճ։ Վեց ամիսների ընթացքում համախառն ներքին արդյունքը 5,7 1 տոկոս անկում է ունեցել, այս անկումը 1,50 տոկոսով պայմանավորված է շինարարության անկմամբ։ Պարզվում է` պանդեմիայի իրավիճակը մեծագույն հարվածը հասցրել է շինարարության ոլորտին, երկրորդը՝ մեծածախ և մանրածախ առևտուրն է, այնուհետև անշարժ գույքի հետ կապված գործարքները։ Այս երեքը միասին գեներացնում են  5,71 տոկոսի գրեթե 3,2 տոկոսը։ Այդ ոլորտներում է ճգնաժամը հայտնվել։ Կարծում եմ՝ լրջագույն անկում կա նաև տուրիզմի ոլորտում և այդ անկման ազդեցությունն ավելի երկար ժամանակ է լինելու։ Գրեթե չկա այնպիսի ոլորտ, որտեղ մենք մինուս չունենանք»,- հավելեց նա։
Տիգրան Ջրբաշյանի դիտարկմամբ` այստեղ կարևորագույն հարցը, որը պետք է լուծի պետությունը, կապիտալ ծախսերի իրականացնումն է։

Այս իրավիճակով պայմանավորված` պետք է շատ խոսել և քննարկել դրամավարկային քաղաքականություն իրականացնելու հարցը, քանի որ առկա է խայտառակ իրավիճակ, երբ երկիրը գտնվում է ճգնաժամում, սպառողական գները գտնվում են ամենանվազ՝ զրոյին մոտ ցուցանիշի վրա, և չի օգտագործվում դրամավարկային  հակացիկլիկ քաղաքականություն։

«Այս երկու որոշիչ կետերն են, որով այսօր մենք պետք է գործողություններ իրականացնենք»,- ընդգծեց Տիգրան Ջրբաշյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս