Բաժիններ՝

Ֆրանսիան մտադիր է շարունակել ռազմական գործողություն Աֆրիկայում, չնայած Մալիի իրադարձություններին

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին հավաստել է իր երկրի մտադրությունը շարունակելու աֆրիկյան Սահելի գոտում (Բուրկինա Ֆասո, Մավրիտանիա, Մալի, Նիգեր, Չադ) ահաբեկիչների եւ արմատական իսլամիստների դեմ պայքարի «Բարխան» գործողությունը, չնայած Մալիում տեղի ունեցած հեղաշրջանը: Նախարարի հայտարարությունը հրապարակվել է Twitter-ի՝ նրա էջում:

«Բարխան» գործողությունը, որն իրականցվում է մալիական կողմի խնդրանքով եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ, շարունակվում է: Ֆրանսիացի զինվորականները Եվրոպայի եւ Սահելի երկրներից իրենց գործընկերների հետ համատեղ շարունակում են այդ առաքելության կատարումն ամբողջ անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմով եւ ի շահ ընդհանուր անվտանգության ապահովման»,- հայտնել է գերատեսչության ղեկավարը:

Ֆրանսիան «Բարխան» ռազմական հակաահաբեկչական գործողությունն սկսել է 2014 թվականի օգոստոսին: Այն դարձել է «Սերվալ» գործողության շարունակությունը, որը ֆրանսիացի զինվորականներն իրականացրել են 2013 – 2014 թվականներին Մալիում: Ուժային գերատեսչությունների տվյալներով՝ գործողությանն ընդհանուր առմամբ մասնակցում է ավելի քան 5 հազար մարդ: Բացի ֆրանսիացի զինվորականներից, գործի են դրված Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Չեխիայի եւ Էստոնիայի զինված ուժերի ստորաբաժանումներ, օգտագործվում են տասնյակ ռազմակայաններ Աֆրիկայի տարածքում, դրանցից երկուսը գտնվում է Մալիում:

Այս տարի Ֆրանսիայի ղեկավարությունը բազմիցս խոստովանել է, որ Մալիում ավելի ու ավելի բացասաբար են վերաբերվում ֆրանսիացի զինվորականներին: Այդ առնչությամբ նա բազմիցս Մալիի իշխանություններին կոչ է արել նորմալացնելու իրավիճակն այդ ոլորտում՝ ընդգծելով, որ դա խոչընդոտում է զորակազմի առաքելության բնականոն կատարմանը:

Օգոստոսի 18-ի առավոտյան Մալիի մայրաքաղաք Բամակոյի մերձակայքի Քաթիի ռազմակայանում տեղի ունեցավ խռովություն: Զինվորականները գրավեցին Գլխավոր շտաբը, ձերբակալեցին երկրի բարձրագույն ղեկավարությանը, ներառյալ նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային, եւ կազմեցին այսպես կոչված Ժողովրդի փրկության ազգային կոմիտե: Այդ ճնշման ներքո Քեյթան օգոստոսի 19-ին հայտարարեց իր պաշտոնաթողության, կառավարության կազմացրման եւ խորհրդարանի արձակման մասին: Խռովությունը տեղի ունեցավ երկրում երկարատեւ քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ ռազմական ճգնաժամի շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս