Կա՞ն արդյոք ՀՀ պետական պարտքի չափին ու սպասարկմանն առնչվող ռիսկեր. պարզաբանում են ՀՀ Ֆինանսների նախարարությունից
168.am-ը հարցում էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան փոխանցելով տնտեսագետների ահազանգերը ՀՀ պետական պարտքի չափի ու սպասարկման ռիսկերի վերաբերյալ:
«Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի արտաքին պարտքն այս տարվա հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 984.565 մլն դոլար, ՀՀ պետական ընդհանուր պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 721.753 մլն դոլար։
Տնտեսագետներն ահազանգում են, որ Հայաստանը պետական պարտքի առումով արդեն մոտեցել է բավականաչափ ռիսկային շեմի: Նրանք նշում են նաև պարտքը սպասարկել չկարողանալու ռիսկի մասին:
Ձեր գնահատմամբ՝ կա՞ նման ռիսկ: Ի՞նչ քայլեր են արվում մեր պարտքային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար և պարտքի սպասարկումը ժամանակին կատարելու համար»,- նշել էինք վարչապետին ուղղված մեր գրավոր հարցման մեջ:
Գրավոր հարցումը վարչապետի աշխատակազմից վերահասցեավորվել էր ՀՀ ֆինանսների նախարարությանը:
Նախարարության գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյանը 168.am-ին ուղղված գրավոր պատասխանում մասնավորապես հայտնել է, որ ՀՀ պետական պարտքի տվյալները 2020թ. հունիսի վերջի դրությամբ վերանայվել են և հրապարակված են ՀՀ ֆինանսների նախարարության կայքէջում, որի համաձայն՝ ՀՀ արտաքին պետական պարտքը 2020թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5,981.6 մլն դոլար, իսկ ՀՀ պետական պարտքը՝ 7,718.8 մլն դոլար։
Անդրադառնալով արտաքին պետական պարտքի սպասարկման ռիսկերին՝ նախարարության գլխավոր քարտուղարը կից ներկայացրել է արտաքին պետական պարտքը բնութագրող տարեկան ցուցանիշները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը դասակարգվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքին:
Նա նաև տեղեկացրել է, որ կառավարության պարտքի ռիսկերի կառավարման և սպասարկման նպատակով յուրաքանչյուր տարի Ֆինանսների նախարարությունը մշակում և գործադիրի հաստատմանն է ներկայացնում կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարական ծրագիր, որը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ փոխառու միջոցների ներգրավման, ինչպես նաև կառավարության պարտքի պորտֆելի ռիսկերի կառավարման ռազմավարություն է.
«Այն եռամյա ծրագիր է, վերանայվում և հրապարակվում է տարեկան պարբերականությամբ՝ նպաստելով կառավարության պարտքի կանխատեսելի և թափանցիկ կառավարման ապահովմանը: ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագիրը պարզաբանում է պարտք ներգրավելու քաղաքականությունը՝ ներառելով կառավարության պարտքի կառավարման ուղենշային ցուցանիշները, բացահայտում և գնահատում է կառավարության պարտքի կառավարման հետ կապված ռիսկերը, ինչպես նաև նախանշում է այն սկզբունքները, նպատակադրումներն ու իրականացվելիք միջոցառումները, որոնց ներքո կառավարությունը չի վտանգի հարկաբյուջետային կայունությունը: ՀՀ կառավարության պարտքի պորտֆելի արդյունավետ կառավարման, ՀՀ կառավարության պարտքի պորտֆելին բնորոշ ռիսկերը բացահայտելու և գնահատելու նպատակով ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրում սահմանվում են պարտքի պորտֆելի ռիսկերի ուղենշային ցուցանիշներ, որոնց նպատակն է որոշակի սահմանափակումների միջոցով վերահսկել փոխարժեքի, տոկոսադրույքի և վերաֆինանսավորման ռիսկերը»:
Նախարարությունից հիշեցրել են, որ 2018 թվականին ներդրվել է հարկաբյուջետային կանոնների նոր` արդիականացված համակարգ, որում որպես հարկաբյուջետային քաղաքականության առանցքային թիրախ է ընտրվել ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը՝ նպատակադրելով ՀՀ կառավարության պարտքի կայունության ապահովումը և պարտքի բեռի աստիճանական նվազեցումը (այդ ժամանակ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը գերազանցում էր 50% շեմը).
«Հարկաբյուջետային նոր կանոններով սահմանվել են ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի 40%, 50% և 60% շեմային մակարդակներ, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է սահմանափակումների որոշակի աստիճան։ Համապատասխան իրավական կարգավորումները սահմանված են «Պետական պարտքի մասին» (հոդված 5, կետ 6 և 7) և «Բյուջետային համակարգի մասին» (հոդված 21, կետ 8.2-8.4) ՀՀ օրենքներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2018թ. օգոստոսի 23-ի N942-Ն որոշմամբ։
Հարկաբյուջետային կանոններին համահունչ, ՀՀ կառավարությունը մշակել և 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի կազմում ներկայացրել էր ՀՀ կառավարության պարտքի նվազեցման 2019-2023թթ. վերանայված ծրագիրը, որը նախանշում էր 50%-ից ցածր՝ 49.7% ցուցանիշ 2023 թվականի համար։ Սակայն, 2019թ. արդյունքներով արդեն իսկ գրանցվել է 50%-ից ցածր ցուցանիշ՝ արձանագրելով դրված թիրախի ավելի վաղ իրականացումը, ինչպես նաև մեծացնելով «հարկաբյուջետային տարածքը» և պետական պարտքի ներգրավմամբ տնտեսական շոկերին արձագանքելու հնարավորությունը։
ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով և ժամանակին կատարել է պարտքի սպասարկման և մարման գծով փոխատուների հանդեպ իր ստանձնած բոլոր պարտավորությունները, որի արդյունքում թե ներքին, և թե արտաքին գործընկերների մոտ ձեռք է բերել վստահելի գործընկերոջ հեղինակություն: Ապագայում ևս ՀՀ կառավարությունը, ՀՀ կառավարության պարտքի պորտֆելին բնորոշ ռիսկերի կառավարման միջոցով, ժամանակին և ամբողջ ծավալով կիրականացնի ՀՀ կառավարության պարտքի սպասարկումը»: